211652_close_icon
views-count3245 դիտում article-date 23:31 12-07-2018

Մայր Աթոռի եւ ՌԴ դեսպանատան միջեւ մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ. Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ շնորհավորելով պրն. Կոպիռկինին նշանակման առիթով` Նորին Սրբությունը մաղթել է նրան արդյունավոր գործունեություն: Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Մայր Աթոռի եւ ՌԴ դեսպանատան միջեւ մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ` հիմնված հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ է կատարել նաեւ երկու պետությունների միջեւ առկա սերտ ու դաշնակցական հարաբերություններին, որոնց ամրապնդմանն ու զարգացմանն են ուղղված նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերը: Իր հերթին դեսպան Սերգեյ Կոպիռկինը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշել է, որ հոգեւոր արժեքները եւ մշակութային կապերը հնարավորություն են ստեղծում երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացման համար: Դեսպան Կոպիռկինը նաեւ ընդգծել է, որ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիներն այդ ջերմ հարաբերությունների երաշխավորն են: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ է փոխանցել անակախության տարիներին Հայ Եկեղեցու վերազարթոնքի ու արձանագրած ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա մարտահրավերների մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել քրիստոնեական դաստիարակությանը եւ երիտասարդության հոգեւոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին:

Նմանատիպ նյութեր