211652_close_icon
views-count2755 դիտում article-date 16:56 12-07-2018

Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության: Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակ­ցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր