211652_close_icon
views-count2707 դիտում article-date 10:57 12-07-2018

ՊԵԿ. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջոցներն օգտագործվել են ոչ արդյունավետ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Ըստ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանի հայտարարությունների, իրենք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել: Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, նույն ժամանակաահտվածում ծախսված 759 հազար դրամ ընդհանուր արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց ևս վճարվել է հիմնադրամից: Ըստ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանի, ով հիմնադրամի քոլեջում գրանցված է որպես տնտեսվար, հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 2 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով արտադրանք: Պարզվել է նաև, որ Գյումրի Պ. Սևակ 4 հասցեով գործող բուֆետից, առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի` Թումանյան 85 և քոլեջի Շիրակացի 21/5 հասցեներով գործող բուֆետներին, որտեղ տեղադրված չեն եղել ՀԴՄ-ներ, խախտվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները և չի վարվել առանձնացված հաշվապահական հաշվառում: Բուֆետների գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ըստ հաշվապահական հաշվառման, եկամուտներ չեն ստացվել այն դեպքում, երբ արձանագրվել է շուրջ 10 միլիոն դրամի ծախս, ինչը վճարվել է հիմնադրամի հաշվին: Իսկ 2017թ. մարտին էլ ճաշարանի համար շուրջ 16 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սարքեր են ձեռք բերվել: Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ։ [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր