211652_close_icon
views-count2432 դիտում article-date 21:35 10-07-2018

Ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող երիտասարդները չեն կարող Հայաստանում զինծառայության անցնել. Գաբրիել Բալայան

Ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող երիտասարդները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «ՀՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով: Այս պարտավորությունները բացառապես մեր քաղաքացիների համար են, քանի որ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում»,- նշեց Բալայանը և հավելեց, որ օրենքով դա արգելվում է: Անդրադառնալով այն հարցին, որ այդ տղաներն, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել և դիմում են ներկայացնում, ՀՀ ՊՆ տեղակալն ընդգծեց, որ իրենք պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն: «ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, տղաները պետք է անցնեն բոլոր փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից: Այդ պարագայում, համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,- ասաց Գաբրիել Բալայանը: Նրա պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար: «Եթե տվյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ զինված ուժերում»,- շեշտեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը: Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, եթե անձը հանդիսացել է այլ երկրի քաղաքացի, դրանից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ապա համապատասխան փաստաթղթերով հիմնավորվելու դեպքում, որ անձն առնվազն 12 ամիս ծառայություն է անցել օտար երկրի ԶՈւ-ում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտավորությունից:

Նմանատիպ նյութեր