211652_close_icon
views-count7231 դիտում article-date 23:48 10-07-2018

ԱՆ քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն աշխատանքային այցով եղավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Անձնակազմի հրահանգավորման ընթացքում Ծառայության պետը նշեց, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է. «Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: …Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը ոչ մի ձևով չպետք է ոտնահարի կալանավորված անձանց ու դատապարտյալների արժանապատվությունը, սահմանափակի նրանց անձի ազատությունը և իրավունքները»,- ասաց Ա. Մխոյանը: Կարևոր խնդիրը, որը հատկապես առանձնացրեց ծառայության պետը, կոռուպցիան է, ինչը, ըստ Ա. Մխոյանի, չարիք է և պետության հիմքերը սասանող դրսևորում: Հորդորեց աշխատակիցներին զերծ մնալ համակարգի համար նման անպատվաբեր արարքներից՝ ծառայելով պատվով և նվիրումով, միմիայն օրինականության սահմաններում: Մյուս կարևոր խնդիրը, որին անդրադարձավ ծառայության պետը, արգելված իրերի ներթափանցումն էր ՔԿՀ-ներ՝ զգուշացնելով, որ գնահատականներն ու վերաբերմունքը նման աշխատակիցների հանդեպ կլինեն համարժեք: Ծառայության պետը հիմնարկի ծառայողների ուշադրությունը հրավիրեց անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և այն բարձրացնելու անհրաժեշտության վրա՝ շեշտելով. «Քրեակատարողական ծառայությունը ձեզ հետ է: Մենք նպատակ ունենք ձեզ միայն օգնել, ցանկացած հարցում լսել յուրաքանչյուրիդ ու աջակցել: Կաշխատենք հնարավորության սահմանում լուծում տալ նաև անձնակազմի սոցիալական խնդիրներին»: Այնուհետև Ծառայության պետը շրջայց կատարեց կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության համար նախատեսված գոտում, խոսեց դատապարտյալների հետ: Տեղում հիմնարկի անձնակազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ նկատված թերություններն անհապաղ շտկելու համար: Ամփոփելով շրջայցը՝ հիմնարկի վարչակազմի ուշադրությունը հրավիրեց հանձնարարականների կատարմանը, պահանջեց հետևողական լինել վերհանված թերությունների վերացմանը: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր