211652_close_icon
views-count4297 դիտում article-date 17:13 10-07-2018

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումներն արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը: Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքներով պայմանավորված Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրը: Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը: Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել հետսահմանադրական կարգավորումների, օրենսդրության կատարելագործման, հանրության իրավա-քաղաքական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր