211652_close_icon
views-count4592 դիտում article-date 16:38 09-07-2018

Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողությունը. Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուրախ երգ ու պարով, ազգային խաղերով Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ այս տարի ևս իրականացվեց Վարդավառ միջազգային փառատոնը, որի նպատակը հանրությանը Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն էր, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից բազմաթիվ հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում: Այս տարի ևս փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սուրբ Պատարագով, որի ընթացքում պատարագիչը ջուր ցողեց գավթում հավաքված հավատացյալների վրա: Տեղի ունեցավ երիտասարդության օրհնության կարգ: Կեսօրին Գառնի տաճարում մեկնարկեց Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ. ներկայացվեց տոնի խորհուրդը, պատմությունը, ինչպես նաև՝ հայոց Աստղիկ դիցուհուն նվիրված հին հայկական ծիսակատարություններ: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Վարդավառ միջազգային փառատոնի հիմնադիր Ատոմ Մխիթարյանը բացման խոսքում նշեց, որ փառատոնը մշակութային և կրոնական բազմաթիվ շերտեր ունեցող Վարդավառը միջազգային տոն դարձնելու նպատակ ունի: «Վարդավառն այն տոներից է, որն ունի և՛ քրիստոնեական, և՛ ազգային-հեթանոսական հիմքեր: Հայաստանի տարբեր մարզերում այն նշվում է յուրովի: Մեր նպատակն է, որ մարդիկ իմանան՝ Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողություն: Այն շատ ավելի հարուստ խորհուրդ ունի, ու բազմաթիվ հետաքրքիր ծեսեր կան կապված այս տոնի հետ», - նշեց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ փառատոնի ծրագիրը մշակելիս գործակցել են ազգագրագետների հետ՝ ուսումնասիրելու և վերակենդանացնելու հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոնի մոռացված արարողությունները: Ըստ Մխիթարյանի՝ փառատոնը հայկական մշակույթի հանրահռչակմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը նպաստելուց զատ, մեծացնում է նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու ամրապնդում Հայաստան-Սփյուռք կապերը: Մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Նոյան այգի» մշակույթի կենտրոնի տնօրեն Արամայիս Սուքիասյանը: «Նոյան այգի» մշակույթի կենտրոնում փառատոնի հյուրերը ծանոթացան ազգային տաղավարներին, որտեղ նրանք բացահայտեցին լավաշ թխելու, գորգ գործելու, փայտից զարդանախշեր ստանալու, հայկական մրգերից չիր, իսկ կավից սափոր պատրաստելու գաղտնիքներին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնն ուղեկցվեց տոնին բնորոշ ազգային երգ ու պարով, խաղերով. հյուրերը խաղացին զվարճալի ջրոցին, ելույթ ունեցան Չարենցավանի «ԱԶԴ» պարային համույթը, երգահան Արսեն Համբարյանը, Երիտասարդական ակումբների դաշնության անդամներն ու կամավորները: Տեղի ունեցավ Վարդավառ միջազգային փառատոնի 5 ամյակին նվիրված ավանդական գաթայի և գինու հյուրասիրություն. ի դեպ, գաթան պատրաստված էր մեր նախատատերի բաղադրատոմսով: Փառատոնի մասնակիցներն իրենց հետ տարան նաև որպես հիշողություն հայոց դիցարանի աստվածներ Աստղիկի և Վահագնի կերպարները մարմնավորողների հետ լուսանկարվելով: Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Նոյան այգի» մշակույթի կենտրոնը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն: Փառատոնի աջակիցներն են Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը, Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ, Արտ մշակույթի կենտրոնի «Յանա դանս ստուդիո» պարային խումբը, Չարենցավանի «ԱԶԴ» պարային համույթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր