6388 դիտում
14:45 08-07-2018
Ուժեղ կնոջ կերպարն Անահիտ Աբադի ֆիլմում. 17 տարվա խմորումների արդյունք «Եվա»-ն
Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից հետո փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ և ապաստանում է Արցախի մի գյուղում: Հայաստանի և Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժվարությունների միջով: Կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:
«Շնորհավորում եմ բոլորիս «Ոսկե ծիրան»-ի 15-ամյակի առթիվ: Ցանկացած երկրի համար նվաճում և հաղթանակ է ունենալ նման փառատոն: «Եվա»-ն շատ միջազգային փառատոների է մասնակցել, բայց ուրախ եմ, որ նաև այս փառատոնին կներկայացվի»,-«[url=https://armenpress.am/arm/news/940209.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ռեժիսոր Անահիտ Աբադը: Նրա խոսքով՝ «Եվա»-ն 17 տարվա խմորման արդյունք է: Երբ Աբադն առաջին անգամ եղել է Արցախում, այցելել է Դադիվանք: Այնտեղ էլ մի քանի ժամում պատմությունը ստացել է իր նախնական ձևակերպումը: Հետո Աբադը որոշել է նկարել այս կինոնկարը:
Նշենք, որ Ադրբեջանի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատոնում «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելվել էր: «Ստամբուլում ֆիլմը չի ցուցադրվել, մրցութային բաժնում էր, բայց վերջին օրը Թուրքիայի ազգային անվտանգության ուժերը արգելափակել են ֆիլմի ցուցադրությունը: Ցավում եմ, իրոք կցանկանամ, որ ֆիլմը ցուցադրվի Թուրքիայում»,-նշեց Անահիտ Աբադը: Նա նաև շեշտեց, որ ֆիլմը շուտով կցուցադրվի Իրանի կինոթատրոններում:
Ֆիլմի գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իր մարմնավորած կերպարը՝ Եվան անընդհատ շատ մեծ դժվարությունների միջով էր անցնում: «Եվ նա այդ ամենը այնքան պինդ, արժանապատվությամբ էր տանում: Եվան ինձ սովորեցրեց ամեն դժվարություն արժանապատիվ ձևով հաղթահարել»,-նշեց Նարինե Գրիգորյանը:
Ի դեպ, Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից ներկայացրել էր Աբադի «Եվա» ֆիլմը: Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանից մարդիկ են եղել, ովքեր Օսկարի կազմկոմիտե նամակներ են ուղարկել բողոքելով, թե ֆիլմը չի կարող ներկայացնել Հայաստանը: Դերասանուհին վստահ է՝ պետք է արմատախիլ անել նման երևույթները:
Անահիտ Աբադը ծնվել է 1968-ին, Թեհրանում, հայ ընտանիքում։ Արժանացել է կինոռեժիսուրայի բակալավրի աստիճանի: Իր գործունեության ընթացքում նա աշխատել է որպես ռեժիսորի առաջին օգնական եւ ծրագրող Իրանի պրոֆեսիոնալ կինոյի բազմաթիվ նախագծերում: Համագործակցել է այնպիսի հայտնի հեղինակների հետ, ինչպիսիք են Ալիռեզա Դավուդ Նեջադը, Աբուլֆազլ Ջալիլին, Ռասուլ Սադամելին, Ահմադ Ռեզա Դարվիշը, Վարուժ Քարիմ-Մասիհին, Բահրամ Բեյզայեն եւ այլք: 2006 թվականից Իրանի կինոյի ինստիտուտի ռեժիսորի օգնականների եւ ծրագրողների կենտրոնական խորհրդի անդամ է: 2010 թ. դարձել է այս ինստիտուտի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
5115 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
352 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
307 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
292 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր