211652_close_icon
views-count11228 դիտում article-date 20:56 07-07-2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի առաջին կանգառը Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 424 հիվանդ: Այստեղ նախարարը և մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի և բուժանձնակազմի հետ: Այցի երկրորդ կանգառը Սևանի բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքն էր, որտեղ նախարարն ու մարզպետը ծանոթացան պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն, շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխանող բուժհաստատությունը քաղաքացիներին կտրամադրի բարձրորակ բուժսպասարկում: Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության տեխնիկական ու մասնագիտական վերազինումների հետ կապված խնդիրներ: «Մասնագետ կադրերի գործուղումը մարզեր ջանքեր են պահանջելու նաև մարզային իշխանություններից ու տեղական ինքնակառավարման մարմիններից: Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ մարզեր գործուղված մասնագետներն ապահովվեն բավարար պայմաններով և իրենց չզգան աքսորյալների կարգավիճակում »,-շեշտեց Արսեն Թորոսյանը: Նախարարն այց կատարեց նաև Գավառի բժշկական կենտրոն՝ դրական տպավորություն արտահայտելով արդի չափանիշներին համապատասխանող բուժհաստատության գործունեության մասին: Գեղարքունիքի մարզպետարանում Արսեն Թորոսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Մարզի առողջապահական համակարգի գործունեության, ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Հիմնախնդիրների մեջ վարչության պետն առանձնացրեց բուժհաստատությունների տեխնիկական ու կադրային հագեցվածությունը և օրենսդրական փոփոխություններին առնչվող հիմնահարցեր: Որոշ հարցեր առաջ քաշեցին նաև բուժհաստատությունների տնօրենները, որոնց համար նախարարը հանդես եկավ պարզաբանումներով: «Մարզային առողջապահությունը և հատկապես առաջնային օղակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Մենք ծրագրում ենք բուժական բժշկությունից անցնելու կանխարգելիչ բժշկությանը: Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում թեև շատ կուտակված խնդիրներ կան, սակայն դրականն այն է, որ մարզային իշխանությունները հստակ պատկերացում ունեն դրանց մասին և պատրաստակամ են խնդիրներին լուծում տալու համար: Եկող տարի 10 –ը միլիարդ դրամով աճելու է առողջապահության ոլորտին տրվող բյուջեն, որից 6 միլիարդն ուղղվելու է առողջության առաջնային պահպանման օղակին:Աճելու են դրամական միջոցները, դրա հետ մեկտեղ՝ նաև խստացվելու են պահանջները »,- նշեց նախարարը: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կարևորեց նախարարի այցը: Նրա խոսքով մարզի առողջապահական համակարգում մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնք պահանջում են համատեղ և հրատապ լուծում: «Դրանց մի մասը կապված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, մի մասն էլ պահանջում է օպերատիվ լուծում: Իմ գնահատմամբ, մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, մնում է կարգավորել որոշակի խնդիրներ և առաջ շարժվել: Նախարարի այցը գնահատում եմ արդյունավետ, քանի որ այսօր մենք գործնական հարցերի լայն շրջանակ քննարկեցինք, որոնք շատ մոտ ապագայում կդառնան առարկայական ու կյանքի կկոչվեն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը: Արսեն Թորոսյանն աշխատանքային այցն ավարտեց Մարտունու բժշկական կենտրոնում:

Նմանատիպ նյութեր