211652_close_icon
views-count3500 դիտում article-date 13:48 07-07-2018

ՀԿ գործադիր տնօրենը բաց նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

[b]«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը բաց նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին.[/b] Հարգելի պարոն Գրիգորյան, «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, հիմնվելով 110 ներդրողների մտահոգությունների, դժգոհությունների և բողոքդիմումների վրա, խիստ մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող ջրօգտագործողների՝ ի դեմս ՓՀԷԿ-երի իրավունքները խախտող ու շահերը խաթարող քայլերի, որոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը չի ապահովվում և անժամկետ ձգձգվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այն պարագայում, երբ դրա տրամադրումը կոնկրետ ժամկետներում սահմանված և ամրագրված է ՀՀ Ջրային օրենսգրքով և համապատասխան օրենքներով: Գետերի բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011թ.-ի հունիսի 30- ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված նախագիծը, որը խիստ հարցականի տակ է դնում, ավելին՝ խախտում է ներդրողների՝ հատկապես ՓՀԷԿ-երի պետության կողմից տրամադրված և ամրագրված իրավունքները: Ըստ էության, նման կարգի նախագծերի մշակումը, հանրային և մասնագիտական քննարկումն ու հաստատումը ոչ միայն բխում են օրենսդրական պարտականություններից, այլ նաև պարտադրում են ներգրավել բոլոր անհրաժեշտ շահառուներին և շահագրգիռ կողմերին, ինչը տվյալ դեպքում պատշաճ մակարդակով չի իրականացվել՝ հարցականի տակ դնելով պետականության և ժողովրդավարության ապահովման ամենաարժեքային և կատեգորիալ հիմքերից մեկը՝ Իրավունքի գերակայությունը: Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի և օրենքների՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործողներին տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք այսօր ոչ միայն վերջինիս կողմից չեն ապահովվում, այլ նաև խախտվում են: Մենք բազմիցս անրադարձել ենք այդ խնդրին, սակայն այն դեռևս անտեսվում է: Ելնելով վերոնշյալից՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, համաձայն ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` պահանջում է տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝ 1. Որո՞նք են ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու, ավելի մեծ չափաքանակ սահմանելու, հարցի շուրջ առանց խորքային հանրային և գիտական խորն ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելու, գետերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների նշանակությունն անտեսելու մասին իրական հիմքերն ու մասնագիտական և փորձագիտական հիմնավորումները, քանի որ սույն որոշումը մեծապես հակասում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների օրինական հիմքերին, ինչի պատճառով ՀՀ-ում մեկ հարյուրից ավել տնտեսվարող ներդրողների գործունեությունը խիստ վտանգված է: 2. Համաձայն 30 հունվարի 2003 թվականի N75-Ն ՀՀ կառավարության որոշմանը՝ ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմինը համարվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Սակայն այսօր վերջինիս կողմից որևէ ձևով չեն ապահովվում օրինական շահառուների՝ ներդրող ջրօգտագործողների իրավունքները, ավելին՝ նոր և անիրատեսական էկոթողքի սահմանումներով, ոլորտին պատճաշ կարգով չհետևելու և չնպաստելու հետևանքով, ճիշտ, անաչառ և ժամանակակից ջրաչափական եղանակների բացակայության պայմաններում ջրերի կառավարման ոլորտը դառնում է էլ ավելի խոցելի: Ստեղծված իրավիճակում ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է պատրաստվում նախաձեռնել նման կարգի թերությունները շտկելու ուղղությամբ: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն հարկ է համարում իրազեկել, որ վերոնշյալ ջրօգտագործող սուբյեկտները պատրաստվում են նախաձեռնել կոնկրետ քայլեր՝ հանրային լայն լսումներ, մեծ ասուլիսներ, վերահսկողական հետաքննություն, օրենսդրական և իրավական բարեփոխումներ՝ վերհանելու իրողությունը և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունում ներդրողների և ջրօգտագործողների լիիրավ իրավունքներն ու շահերը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: [b] Կանխավ շնորհակալ եմ` Ռոման Մելիքյան[/b]

Նմանատիպ նյութեր