211652_close_icon
views-count4208 դիտում article-date 10:38 07-07-2018

«Սոցցանցերի գետը» կարող է բերել թե՛ կեղտոտ և թե՛ մաքուր ջրեր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս մասնակցեցի մի հանդիպման, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն էին հայտնում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն նոր Ընտրական օրենսգրքի՝ մեզ վերաբերող կետերը: Հնչած մտահոգություններից մեկն այն էր, որ ընտրությունների ժամանակ հայտնվում են «կեղծ» կայքեր և «կեղծ» լրագրողներ, որոնք ստեղծվում են հենց այդ կարճ ժամանակահատվածի համար: «Կեղծ» կայքերը զբաղվում են իրենց հովանավորող քաղաքական ուժի քարոզչությամբ, իսկ «կեղծ» լրագրողները գնում են ընտրական տեղամասեր ոչ թե լուսաբանելու, այլ «ակտիվիզմով» զբաղվելու համար: Գործընկերներիս մտահոգությունը, ինչ խոսք, տեղին է: Բայց ես ինձ թույլ տամ ասելու մի բան, որը, հավանաբար, կհակասի մեծամասնության տեսակետին՝ նման հարցերում կարգավորումներ առաջարկելն այս պահին անիմաստ է: Փաստարկներս երկուսն են: Առաջին. ինչի՞ համար է պետք կարգավորել գետի միջով անցնող խողովակը, երբ մի հսկայական գետ է հոսում առանց որևէ կարգավորման: Նկատի ունեմ, բնականաբար, ֆեյսբուքն ու յութուբը: Այս կամ այն գրառման կամ տեսագրության դիտումները կարող են մի քանի անգամ գերազանցել ցանկացած կայքի հրապարակման և ցանկացած հեռուստատեսության հաղորդման դիտողների թիվը: Եվ այստեղ խոսել պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական կամ մարդկային էթիկայի մասին` պարզապես ավելորդ է: Ցանկացած թեկնածու, ընտրող, դիտորդ, վստահված անձ կարող է կատարել տեղեկատվություն, մեկնաբանություն պարունակող գրառում կամ դնել տեսագրություն, և այսպիսով «կեղծ-անկեղծ», «լրատվամիջոց-ոչ լրատվամիջոց» բաժանումը պարզապես վերանում է: Ես չեմ ասում, որ «սոցցանցերի գետը» միայն բացասական երևույթ է՝ ինչպես ցանկացած գետ, այն կարող է բերել թե՛ կեղտոտ և թե՛ մաքուր ջրեր: Նույնիսկ չեմ պնդում, որ այդ գետի վրա հնարավոր չէ որոշակի «զտիչներ» դնել: Պարզապես մի քանի ամսվա ընթացքում և առաջիկա արտահերթ ընտրությունների համատեքստում դրա վրա ժամանակ և ջանքեր ծախսելն է անիմաստ: Երկրորդ փաստարկս ավելի ընդհանրական է: Կարելի է լինել մասնագիտությամբ լրագրող, աշխատել տարիների պատմություն ունեցող լրատվամիջոցում, բայց զբաղվել կուսակցական քարոզչությամբ, «ակտիվիզմով» և տարածել կեղծ լուրեր: Կան լրատվամիջոցներ, լրագրողներ կամ պարզապես մարդիկ, որոնք մտածում են իրենց հեղինակության մասին, կան՝ որ չեն մտածում: Եվ հեղինակություն ձեռք բերելու միջոցները, ինչպես նաև հեղինակություն հայցելու թիրախ սոցիալական շերտերը նույնպես տարբեր են: Այս երկու տասնամյակների ընթացքում ինձ հետ, օրինակ, բավականին հաճախ է պատահում, որ մարդիկ կանգնեցնում են փողոցում և ասում՝ «Աբրահամյան ջան, լավ ես խոսում, բայց մի քիչ ավելի շատ հուպ տուր»: Ժպտում եմ, ձեռքը սեղմում եմ և անցնում: «Հուպ տվողները» շատ են: Մանավանդ` հիմա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր