211652_close_icon
views-count5279 դիտում article-date 23:55 06-07-2018

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը. դեսպան Մելքոնյան

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը Հաագայում հուլիսի 5-ին տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Մելքոնյանը շնորհավորել է տիկին դը Բոլլին այս տարվա մայիսին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ տիկին դը Բոլլի կողմից Եվրոպոլի ղեկավարման շրջանում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Եվրոպոլի միջև արդյունավետ համագործակցություն։ Նա նշել է, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը: Այս համատեքստում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին և ներկա իրավապայմանագրային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին, ընդգծելով, որ կան անհրաժեշտ նախադրյալներ ԵՄ տարբեր հաստատությունների, այդ թվում Եվրոպոլի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցի համար ևս արտաքին գործընկերների հետ կապերի հաստատումն ու խորացումը կարևոր նշանակություն ունի: Նա ներկայացրել է իրավապահ ոլորտում ԵՄ արտաքին հարաբերություններին և Եվրոպոլին առնչվող որոշ գործընթացներ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև Եվրոպոլի հետ առնչվող այլ հարցերի։ Նրանք պայմանավորվել են հետագայում նույնպես շարունակել քննարկումները Եվրոպոլի հետ համագործակցության զարգացման նպատակով։

Նմանատիպ նյութեր