211652_close_icon
views-count3998 դիտում article-date 15:24 06-07-2018

«Արմենիա» փառատոնը Հայաստանում առաջին անգամ ներկայացրել է Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգները մեկնարկում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Հուլիսի 5-ի համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Էդգար Հովհաննիսյանի Ադաջոն «Մարմար» բալետից, ապա՝ Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան։ Հայտնի կոմպոզիտոր Այրատ Իչմուրատովը երաժշտության միջոցով անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին՝ օգտագործելով հայկական մեղեդիներ: Վերջինս Հայաստանում կատարվում էր առաջին անգամ: Երեկոյի ընթացքում 2018թ. Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Աննա Ուլաիևան նվագախմբի հետ կատարեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ալան Չիրքոփը։ Դաշնակահարուհի Աննա Ուլաիեւան իր երիտասարդ տարիքում մեծ նվաճումների է հասել։ Մալթայի դաշնակատարների միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 74 երկրի 728 երաժիշտներ, ռուսական փոքրիկ գյուղում ծնված, այնուհետեւ Ուկրաինա տեղափոխված, այժմ Ավստրիայում բնակվող Աննա Ուլաիեւան դարձել է առաջին մրցանակակիր՝ ստանալով երաժշտական մրցույթների պատմության մեջ թերեւս ամենամեծ պարգեւավճարը՝ 100 հազար եվրո։ Ուլաիեւան նշում է, որ մալթյան մրցույթի ժամանակ արդեն իսկ համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այն ժամանակ նույնպես միասին ներկայացրել են Ռախմանինովի ստեղծագործություններից։ Ուլաիեւան խոստովանում է, որ սիրում է Ռախմանինովի արվեստը։ Նրան հոգեհարազատ են նաեւ Բրամսը, Շոպենը, Չայկովսկին, շատ է կատարում նաեւ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։ «Որպես Մալթայի մրցույթի հաղթող հրավեր ստացա ելութ ունենալ Երեւանում այս գեղեցիկ փառատոնի շրջանակներում, այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեցի «Արմենիա» փառատոնի մասին։ Հրաշալի տպավորություններ ունեմ Հայաստանից։ Այստեղ առաջին անգամ եմ։ Եղել եմ որոշ տեսարժան վայրերում։ Ինձ ուղղակի ցնցել են հայկական եկեղեցիները»,- համերգից առաջ նշել է դաշնակահարուհին։ Հայկական երաժշտական արվեստին Աննա Ուլաիեւան ծանոթ է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների միջոցով։ Հայ հանդիսատեսը մեծ սիրով ընդունեց նաեւ դիրիժոր Ալան Չիրքոփին։ Համերգի ընթացքում մալթացի հանրահայտ դիրիժորը բացահայտեց նվագախմբի բոլոր հնարավոր նրբերանգները, ամբողջ հզորությունն ու ուժը։ Այսօր «Արմենիա» միջազգային փառատոնի եզրափակիչ համերգն է։ Հանդես կգան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան եւ ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր