211652_close_icon
views-count3654 դիտում article-date 12:52 06-07-2018

Բակո Սահակյանը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտներին

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի համեստ, պարկեշտ և խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու և զորացնելու են մեր անկախ պետականությունը»,- նշել է իր խոսքում Նախագահ Սահակյանը: Բակո Սահակյանը կարևորել է մեր դպրոցականների հաջողություններն ու ձեռքբերումները՝ անհրաժեշտ համարելով շարունակել մշտապես կատարելագործել, խորացնել ու ընդլայնել գիտելիքները, ձգտել հասնել նորանոր բարձունքների, երբևիցե չընկճվել բարդությունների և դժվարությունների առջև: «Մեր ժողովրդի մտավոր ներուժը ամենամեծ հարստությունն է, որը ժամանակին բացահայտելու, կատարելագործելու և ճիշտ օգտագործելու դեպքում կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Նմանատիպ նյութեր