211652_close_icon
views-count8870 դիտում article-date 15:36 05-07-2018

Վարդավառ միջազգային փառատոնը կմեկնարկի վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով

Հուլիսի 8-ին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկազմակերպվի Վարդավառ միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրության մյուս շերտերին Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում: Այս տարի ևս փառատոնը կմեկնարկի վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Այստեղ փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ հոգևորականի կողմից ջուր ցողելու արարողությանը: Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում կլինի Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ: Զուգահեռ, Գառնիի Նոյան այգի մշակույթի կենտրոնում կմեկնարկի միջոցառման պաշտոնական մասը՝ բացման խոսքով հանդես կգա Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Վարդավառ միջազգային փառատոնի հիմնադիր Ատոմ Մխիթարյանը, մասնակիցների ողջույնի խոսք կհղեն «Նոյան այգի» մշակույթի կենտրոնի տնօրեն Արամայիս Սուքիասյանը, Կոտայքի մարզպետարանի և Մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Ծրագրում ընդգրկված է նաև հատուկ Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն, ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու հայոց դիցարանի Աստղիկ և Վահագն աստվածների կերպարների հետ: Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Նոյան այգի» մշակույթի կենտրոնը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն: Փառատոնի աջակիցներն են Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը, Կոտայքի մարզպետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայ առաքելական եկեղեցին, Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ, Արտ մշակույթի կենտրոնի «Յանա դանս ստուդիո» պարային խումբը, Գառնիի մշակույթի տան Գառնի պարային համույթը, Չարենցավանի «Ազդ» պարային համույթը: [img]http://st0.shamshyan.com/editor/0823768001530788776589875.png[/img] [b]Վարդավառ միջազգային փառատոնի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Ավետիսյան [/b]

Նմանատիպ նյութեր