211652_close_icon
views-count4093 դիտում article-date 23:45 04-07-2018

Երևանի 2800 և Աստանայի հիմնադրման 20-ամյակների առիթով մետրոպոլիտենի երեք կայարաններում լուսանկարչական ցուցահանդես կգործի

Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը հուլիսի 4-10-ը «Արմենպրես» լրատվական գործակալության աջակցությամբ «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդես կանցկացնի՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Աստանայի հիմնադրման 20-ամյակին: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն ասաց, որ Աստանան և Ղազախստանը շատ համադրված են Ղազախստանի պատմության մեջ և համադրությունը շատ վառ ցույց է տվել անկախ, երիտասարդ պետության պատմությունը: «Մեր երկրի մեծագույն խորհրդանիշ Աստանայի 20 ամյակը կկայանա հուլիսի 6-ին: Դարերի հատման շրջանում մենք կառուցել ենք նոր պետություն, իսկ ժողովրդի անկախության խաչմերուկներում կառուցել ենք Աստանա: Այսօր անկախ Ղազախստանն ամբողջովին համադրվում է այս քաղաքի հետ»,-ասաց դեսպանը: Նա Երևանի հիմնադրման 2800 և Աստանայի հիմնադրման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին աջակցելու համար շնորհակալություն հայտնեց «Կազինֆորմ» գործակալությանը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությանը, ազգային արխիվին, ինչպես նաև «Արմենպրես» և «Արմինֆո» լրատվական գործակալություններին: Դեսպան Ուրազաևը առիթից օգտվելով շնորհավորեց ներկաներին Երևանի 2800-ամյակի առիթով: «2800-ամյակի ֆոնին Աստանան, որը դեռ 20 տարեկան է, տարիքով շատ երիտասարդ քաղաք է: Ես շնորհավորում եմ երկու երկրների բնակիչներին այս հիանալի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2018 թվականը լինի հաջողակ, հանգիստ տարի Աստանայի և Երևանի բնակչության համար»,-ասաց դեսպանը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ ցուցահանդեսին Երևանի մասին պատմող լուսանկարներ տրամադրելու համար: ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ ուրախ է հերթական անգամ գտնվել մի մշակութային միջոցառման, որը միավորում է ոչ միայն մշակույթի սիրահարներին, այլև երկու ժողովուրդներին: «Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները մեզ հիշեցնում են, որ կարիք ունենք պահպանելու ոչ միայն հին մշակութային ժառանգությունը, այլև նորը»,-ասաց Մակունցը: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհավորելով Հայաստանում Ղազախստանի դեսպանին Աստանայի հիմնադրման 20 ամյակը, վստահություն հայտնեց, որ Աստանայի ու Երեւանի ՝ 20-2800 հարաբերակցության մեջ 2800-ը Աստանայի հաջորդ սերունդները տեսնելու են անպայման: «Մենք մեր գործընկերներին շնորհավորեցինք այսօր առավոտյան ՝ «Արմենպրես»-ի ժապավենում հրապարակելով Աստանայի 20-ամյակին նվիրված ֆոտոպատմությունը: Մաղթում եմ ցուցահանդեսի լավ դիտում»,-նշեց նա, հավելելով, որ մի քանի օր առաջ լուսանկարներով ցուցահանդեսին մասնակցելու հրավեր ստացան գործընկերներից: «Լուսանկարների լեզուն շատ պարզ է և կարիք չունի թարգմանության ու լրացուցիչ մեկնության: Թե մեր գործընկերների, թե մեր գործակալության լուսանկարիչները հենց այդ լեզվով են փորձել բոլորիս հաղորդակից դարձնել մեր երկու մայրաքաղաքների պատմությանը»,-ասաց գործակալության տնօրենը: «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը կգործի Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ», «Երիտասարդական» և «Մարշալ Բաղրամյան» կայարաններում:

Նմանատիպ նյութեր