211652_close_icon
views-count3602 դիտում article-date 20:31 04-07-2018

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Մշտական քարտուղարը

Հուլիսի 6-ին Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար և Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Սըր Սայմոնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը և ՄԹ աջակցությունը Հայաստանին։ Այդ մասին հայտնեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան մամուլի ծառայությունից։ Սըր Սայմոնը «Դիվանագիտությունը 21-րդ դարում» թեմայով ելույթ կունենա Հայաստանի դիվանագիտական դպրոցի ապագա դիվանագետների համար։ Նա նաև հանդիպում կունենա ՄԹ կրթական ծրագրերի շրջանավարտների և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Իր այցին ընդառաջ` Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդն ասել է. «Ես ուրախ եմ այցելելու Հայաստան՝ մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունն ընդգծելու նպատակով։ Առկա են համագործակցության նոր հնարավորություններ, որոնցից հարկ է օգտվել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց»։ Սըր Սայմոնի այցը հաջորդում է ՄԹ գործարար պատվիրակության այցին: Վերջինս տեղի է ունեցել հունիս ամսին, Վրաստանում և Հայաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ` նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական գործարարության համար առկա հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր