211652_close_icon
views-count5880 դիտում article-date 23:43 03-07-2018

Կյանքից հեռացել է հասարակական գործիչ, տնտեսագետ Սարգիս Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են Գրիգորյանի ընտանիքից։ Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց: Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ծնվել է 1954 թվականի մարտի 16-ին Թբիլիսիում: 1974-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1974-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու և ղեկավար պաշտոններ Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում: 2003 - 2018 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Գրիգորյանը հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական էր։ Սարգիս Գրիգորյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: Անմիջական մասնակցություն է ունեցել անկախության տարիներին պետական կառավարման համակարգի կայացմանը: Մեծ է նրա դերակատարությունն ու աջակցությունը միջազգային ասպարեզում հայ արվեստի ներկայացման ու տարածման գործում:

Նմանատիպ նյութեր