211652_close_icon
views-count6051 դիտում article-date 23:35 03-07-2018

Ընդունել եմ նախագահի առաջարկը՝ պայմանով, որ աշխատավարձ չեմ ստանալու. Արայիկ Հարությունյանը՝ նոր պաշտոնի մասին

Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել եւ չխուսափել քաղաքական պատասխանատվությունից: Այս մասին Facebook-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական եւ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Կարևորելով քաղաքական որոշումների թափանցիկությունը՝ կուզեի մի քանի դիտարկում ներկայացնել այս որոշման առթիվ: Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մի քանի պատճառներով, մասնավորապես • Անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իմ դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը: • Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել և չխուսափել քաղաքական պատասխանատվությունից, որը ստանձնել եմ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու, խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության՝ բարձր վստահության արժանանալու և վարչապետի ու պետական նախարարի պաշտոնները զբաղեցնելու միջոցով: Երկրորդ՝ ես ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից: Երրորդ՝ ուժի մեջ է մնում իմ այն հայտարարությունը, որ շարունակելու եմ ակտիվորեն զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ նաև որպես «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ: Այսինքն՝ պետական պաշտոն ստանձնելն առնվազն բացասականորեն չի անդրադառնա իմ հասարակական-քաղաքական գործունեության շարունակականության վրա»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր