211652_close_icon
views-count3281 դիտում article-date 22:19 03-07-2018

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին

Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ ք.Երևան) հուլիսի 2-ին իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի առանձնազրույցը Իսրայելի նախագահի հետ: Շնորհավորելով դեսպան Սմբատյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի՝ իր նպաստը բերելու հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կողմերն ընդգծեցին փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը՝ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության զարգացումը: Զրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը նախագահ Ռիվլինին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Իսրայելում հայ համայնքին, տարածաշրջանային գործընթացներում երկկողմ տնտեսական և ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր