211652_close_icon
views-count3844 դիտում article-date 20:35 03-07-2018

Խորհրդարանում Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցահանդես է բացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հուլիսի 3-ին բացվել է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Այն բացվել է «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների աջակցությամբ եւ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի մասնակցությամբ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանում վաղուց ձեւավորվել եւ շարունակվում է հայ մշակույթի ականավոր գործիչներին նվիրված ցուցադրություններ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը: «Այսօր մենք հյուրընկալում ենք 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտական արվեստի հսկաներից Առնո Բաբաջաբյանին,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով,-սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Առնո Բաբաջանյանի ողջ կյանքն ու գործունեությունը եւս մի յուրօրինակ ծառայություն էր հայրենիքին ու ժողովրդին: Եվ այն արժանացավ բացառիկ բարձր գնահատանքի: Տասնամյակներ են անցել, բայց նրա երգերը մեր շուրթերին են, իսկ կախարդական մեղեդիները՝ մեր հոգիներում»: Ցուցադրությունը խորհրդարանում կազմակերպելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին շնորհակալական խոսք է ուղղել մեծանուն կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջաբյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը: «Ինձ համար մեծ պատիվ է հայրիկիս կյանքին ու գործունեությանը նվիրված նմուշների ցուցադրությունը Հայաստանի խորհրդարանում»,-ասել է նա՝ ներկաներին փոխանցելով կոմպոզիտորի մեծ սերը հայրենիքի, Երեւանի, հայրենակիցների նկատմամբ: Կոմպոզիտորի որդին նշել է, որ Հիմնադրամը նպատակ ունի Երեւանում ստեղծել Առնո Բաբաջանյանի թանգարան: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, կարեւորելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ այդ առաքելության իրականացմանը կմասնակցի՝ որպես աջակցություն փոխանցելով իր մեկ ամսվա աշխատավարձը՝ գործընկերներին կոչ անելով սատարել գաղափարի իրականացմանը: Արա Բաբաջանյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Հիմնադրամի խորհրդի որոշմամբ պարգեւատրել է Առնո Բաբաջանյանի անվան մեդալով՝ նկատի ունենալով նրա մեծ ներդրումը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու տարածման գործում: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ եւ այլ հյուրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր