211652_close_icon
views-count23043 դիտում article-date 16:44 01-07-2018

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց. կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը. ԿԳ նախարար

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սա համակարգային խնդիր է, որը լուծում կստանա, այն է՝ հաջորդ ուստարվանից այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ։ Կգործի կայք, որտեղ առաջին դասարան հաճախող երեխայի ծնողը կբացի տվյալ կայքը, կոնկրետ դպրոցի էջը, և այնտեղ նշված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար։ Հայտը լրացնելուց հետո տնօրենը կընդունի այն, և երեխան կսկսի հաճախել նշված դպրոցը։ Նախարարը նշեց նաև, որ կան որոշ «օլիգարխ դպրոցներ», որոնք չափից դուրս շատ աշակերտներ են ներգրավում, իսկ նախարարությունը կամ տեսչությունը, հաշվի առնելով այդ տնօրենների կապերն այս կամ այն պաշտոնյաների հետ, չէին կարողանում զրկել նման հնարավորությունից, արդյունքում՝ մյուսները թերբեռնված են լինում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ա. Հարությունյանը հավելեց, որ կայքը գրեթե պատրաստ է։ Այս պահին իրավական խնդիրներն են լուծվում, և երբ արդեն հաջորդ տարվա սկզբին ժամկետ սահմանվի ընդունելության համար, ծնողները շատ հանգիստ կկարողանան գրանցել երեխաներին։

Նմանատիպ նյութեր