211652_close_icon
views-count11356 դիտում article-date 11:19 30-06-2018

Հեղափոխական թիմը պիտի արագ ձերբազատվի «ձախության մանկական հիվանդությունից»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1920 թվականին բոլշևիկյան Ռուսաստանի վարչապետ Ուլյանով-Լենինը հրապարակեց մի գիրք, որը կոչվում էր «Ձախության մանկական հիվանդություն կոմունիզում»: Բոլշևիկների հեղափոխությունը հաղթել էր դրանից երեք տարի առաջ, դրա առաջնորդներից մեկը ստանձնել էր պետության ղեկը և, բնականաբար, այլ ձևով էր մոտենում եվրոպական կոմունիստների հեղափոխական պայքարին: Ինչպես ասում են, իրավիճակ էր փոխվել, և Լենինը կոչ էր անում արևմտյան իր համախոհներին դրսևորել ճկունություն և համբերություն, գնալ մարտավարական փոխզիջումների: Հեղափոխական ծայրահեղությունները, որոնք անխուսափելի են իշխանության համար պայքարի փուլում, իշխանության գալուց հետո աստիճանաբար վերանում են: Իշխանության եկած հեղափոխական թիմը ձերբազատվում է «ձախության մանկական հիվանդությունից», մերժողականությունից, ծայրահեղություններից և կյանքը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն: Ռուսաստանում դա տևեց երեք տարուց ավելի, որովհետև հեղափոխությունը կատաղի դիմադրության էր հանդիպել և, բացի այդ, իր գաղափարախոսությամբ չափազանց հեռու էր սիրուց ու համերաշխությունից: Հայաստանում այդ «կարմրուկը» կարող է շատ ավելի կարճ տևել, եթե մեր նոր կառավարիչները հասկանան, որ մեղմ, բարեկամական քննադատությունը բացարձակապես թշնամանքի, սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխականության դրսևորում չէ: Դա հենց աջակցության նշան է: Եվ, այսպես՝ եթե կառավարությունը ժողովրդական է (ինչպես և կա), դրանից տրամաբանորեն չի բխում, որ ընդդիմությունն անպայման պետք է հակաժողովրդական լինի: Ընդդիմությունը կարող է լինել նույնքան ժողովրդական: Առայժմ որպես ընդդիմություն միայն ՀՀԿ-ն է երևում, այդ կուսակցությունը պետք է ձերբազատվի կրիմինալից և շանսեր ունի դառնալու նորմալ ընդդիմություն: Այս մեկ տարվա ընթացքում, մինչև ընտրությունները, ի հայտ կգան նաև այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ պետք չէ նրանց անմիջապես կպցնել «հակաժողովրդական» կամ «հակապետական» պիտակը: Եթե Արամ Մանուկյանի արձան տեղադրելու որոշումը կայացվել է «նախորդ ռեժիմի» ժամանակ, դրանից անմիջականորեն չի հետևում, որ այդ արձանը չպիտի տեղադրվի: Եթե նախորդ 25 տարում մասնավոր դպրոցներ են բացվել, դրանից չի բխում, որ դրանք բոլորը խոչընդոտում են կրթության զարգացմանը: Եթե դպրոցներում շախմատի ուսուցումը կապվում է Ս. Սարգսյանի անվան հետ, ապա դա չի նշանակում, որ շախմատով զբաղվելը վնասակար է երեխաների մտավոր զարգացման համար: Եթե երիտասարդ մասնագետներին արտոնյալ պայմաններով բնակարան տրամադրելու ծրագիրն իրականացվում էր նախորդ իշխանության նախաձեռնությամբ, դա չի նշանակում, որ երիտասարդներին այլևս պետք չէ բնակարան հատկացնել: Եվ այլն: Անցումային «կարմիր» շրջանը պետք է հնարավորինս կարճ տևի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր