211652_close_icon
views-count2986 դիտում article-date 20:34 29-06-2018

Արգենտինայի դեսպանատան օժանդակությամբ Շիրակի մարզում կհիմնվեն փորձացուցադրական տնտեսություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը՝ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին փոխդեսպան Միգել Չիլինգիրյանը, Արգենտինայի ազգային ծրագրային բանջարեղենի, ծաղիկների և արոմատիկայի համակարգող` գյուղատնտես, ճարտարագետ Կլաուդիո Գալմարինին և ազգային գիտասփյուռ համակարգի մասնագետ Գ.Թ. Լուիս Կաբալյոն` որպես ինստիտուցիոնալ ռեֆերենտ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդատվության տնօրեն Դավիթ Բաբայանը եւ ԳԶՀ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ջիվան Ասլանյանը։ Հանդիպման նպատակն էր Շիրակի մարզում հետազոտական, փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև նմանատիպ տնտեսության հիմնման հնարավոր ազդեցությունը գյուղատնտեսական խորհրդատվության արդյունավետության բարձրացման ու ֆերմերների եկամուտների ավելացման վրա: Ի դեպ, հետազոտական կենտրոնի հիմնական շահառուներն են լինելու ոչ միայն գյուղացիական տնտեսություն վարողները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ֆերմերները, ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ, հնարավորություն կունենան տեսնելու նաև ցուցադրական դաշտեր, համոզվելու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության մեջ, իսկ ուսանողները տնտեսությունում կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան, կհաղորդակցվեն արտադրության վարման հետ, կամրապնդեն տեսական գիտելիքները պրակտիկ ու փորձարարական գործունեությամբ: Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համատեղ ու փոխշահավետ գործունեությունը կշարունակվի, իսկ ծրագիրը, անմիջական համագործակցության արդյունքում կյանքի կոչվելու դեպքում, էականորեն կնպաստի ոլորտի, հատկապես` խորհրդատվական համակարգի զարգացմանը։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կարևորեց Հայաստանում փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը` առանձնահատուկ նշելով տնտեսության մեջ գիտական ու նորարարական մտքի կիրառման անհրաժեշտությունը: Նշենք, որ հունիսի 25-ին արգենտինական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ազգային Ագրարային Համալսարանում, իսկ հունիսի 26-ին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ` հետազոտական փորձացուցադրական տնտեսության հիմնման հետազոտական աշխատանքները սկսելու նպատակով:

Նմանատիպ նյութեր