211652_close_icon
views-count3967 դիտում article-date 16:49 28-06-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է չորացված մթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 26-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Ընդգծելով վերամշակող ճյուղի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նոր ծրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում` նաև չորանոցներում և սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում: Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղական չրերի ինքնարժեքի նվազեցմանը և որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործության ոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաև ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Առանձնահատուկ կարևորվել է նոր սորտերի ստեղծման և չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նույնպես կարևորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը և նշել, որ այս խնդիրը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %: Հանդիպման ավարտին նախարար Արթուր Խաչատրյանն առաջարկել է ներկաներին համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները և կազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր