211652_close_icon
views-count11247 դիտում article-date 00:24 27-06-2018

ԱԱ-2018. Արգենտինան ցնծում է. Ռոխոն փրկեց թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնությունը առայժմ մարզասերներին պարգևում է հիրավի փայլուն ֆուտբոլ: Իսկական թրիլերներ, ողբերգություններ, բարձրակարգ խաղ, դրամատիկ վերջաբաններ: Ահա այս ամենը տեղավորվեց նաև Նիգերիա-Արգենտինա խաղում: Սանկտ-Պետերբուրգում մենք ականատեսը դարձանք ֆանտաստիկ լարված հանդիպման: Արգենտինացիները խորվաթներից ապտակ ստանալուց հետո անդունդի եզրին էին: Միայն նիգերիացիների հաղթելու դեպքում նրանք հաջորդ փուլ դուրս գալու շանս կունենային, այն էլ՝ եթե զուգահեռ խաղում Իսլանդիան չհաղթեր իր հարցերը լուծած Խորվաթիային: Առաջին խաղակեսում արգենտինացիները վերջապես ինչ-որ կոմբինացիոն ֆուտբոլ ցուցադրեցին, և նրանց գրոհներից մեկը ավարտվեց գոլով. իր գոլերի հաշիվը բացեց Լիոնել Մեսին: Երկրորդ խաղակեսի սկզբում Մասկերանոն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում, և մրցավարը 11 մ. հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը: Դրանից հետո արգենտինացիների խաղը խամրեց: Չափազանց շատ էր տեխնիկական խոտանը, խաղացողները պարզ դրվագներում սխալվում էին, և եթե նիգերիացիները մի փոքր ավելի հաջողակ լինեին, մի քանի անգամ կարող էին գրավել Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշող Արմանիի պաշտպանած դարպասը: Եվ այնուամենայնիվ, ֆուտբոլային աստվածը որոշեց, որ Արգենտինան դեռ անելիք ունի այս առաջնությունում: 85-րդ րոպեին Մերկադոյի փոխանցումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն գերազանց հարվածով գրավեց նիգերիացիների դարպասը, էքստազի մեջ գցելով մարզադաշտի տասնյակ հազարավոր արգենտինացի երկրպագուներին, Մարադոնայի մասին ընդհանրապես չենք խոսում: Այդ պահին Խորվաթիա-Իսլանդիա խաղում 1:1 էր, և եթե իսլանդացիները ևս մեկ գոլ խփեին, ապա հենց իրենք դուրս կգային փլեյ-օֆֆ: Սակայն այստեղ վերջին րոպեին Պերիշիչը խփեց երկրորդ գոլը, և երկու խաղն էլ ավարտվեցին նույն՝ 2:1 հաշվով: Արգենտինան մի կերպ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը: Խորվաթիան կխաղա Դանիայի հետ: [b]ԱԱ-2018, խմբային փուլ, 3-րդ տուր [/b] Նիգերիա-Արգենտինա՝ 1:2 Մոզես, 51 (11մ.) – Մեսիի, 14, Ռոխո, 86 Իսլանդիա-Խորվաթիա՝ Սիգուրդսոն, 76, (11մ.) – Բադել, 53, Պերիշիչ, 90
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր