211652_close_icon
views-count1931 դիտում article-date 22:20 26-06-2018

Սեփական գումարները կառավարել իմացող սերնդի ակնկալիքով 350 դպրոցում ներդրվում է ֆինանսական կրթման ծրագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում ճիշտ կողմնորոշվել, տնօրինել սեփական գումարը, ինչպես նաև խնայողություն անել: «Այս ծրագիրը ԿԳՆ-ի համար հենց այս հենքով է կարևոր, քանի որ այն օգնում է մտածողություն զարգացնել: Երեխաները դեռևս փոքր տարիքից պետք է ունենան ֆինանսական գիտելիքներ, գրագիտություն և ամենակարևորը՝ ֆինանսական իրավունքի գիտակցություն»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ապահովել հետադարձ կապ ուսուցիչների հետ, վերհանել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, վերամշակել այն և շտկել բոլոր խնդիրները: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը բավականին հավակնոտ է՝ հաշվի առնելով, որ հետագայում այն ներդրվելու է գրեթե ամբողջ հանրապետությունում: Նշվել է, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարութունը հավանության էր արժանացրել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որում առավել կարևորություն էր տրված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին՝ նախանշելով դրա իրականացման ընդհանուր սկզբունքները: 2015 թվականից ի վեր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի, Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ, մշակել են «Սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրից» փաստաթուղթը, որը սահմանում է սովորողների համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիքը, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը՝ ըստ կրթական մակարդակների: Բացի այդ, ընտրվել են նաև այն 4 առարկաները, որոնց ծրագրում ինտեգրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը՝ «Ես և շրջակա աշխարհը» (2-ից 4-րդ դասարաններ), «Մաթեմատիկա» (2-ից 6-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-ից 11-րդ դասարաններ), «Հանրահաշիվ» (7-ից 11-րդ դասարաններ): 2016 թվականին ձևավորվել է 11 փորձագետից բաղկացած աշխատանքային խումբ, որը զբաղվել է ]րագրի շրջանակում բովանդակային նյութերի մշակմամբ: Հիմք ընդունելով առարկայական չափորոշիչները և ծրագրերը՝ ուսուցիչ վերապատրաստման մոդուլների համաձայն` 2017 թվականին վերապատրաստվել են 14 դպրոցների 46 առարկայական ուսուցիչներ, որոնք 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում փորձարկել են ֆինանսական կրթության բովանդակությունը` առարկաներում ինտեգրելու միջոցով: Ծրագրի փորձարկման արդյունքների հիման վրա վերջնական շտկումներ են իրականացվելու մշակված փաստաթղթերում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսված է ծրագիրը ներդնել նաև ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում՝ վերապատրաստելով ավելի քան 3000 ուսուցիչ:

Նմանատիպ նյութեր