211652_close_icon
views-count14081 դիտում article-date 22:50 25-06-2018

Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումներին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/938848.html]Արմենպրես[/url]»-ը, Սամվել Ֆարմանյանը վեհաժողովին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և կանխել Արցախի դեմ նոր հնարավոր ագրեսիան: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունը էականորեն ավելացրել է մեր մտահոգությունները Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell–412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան և միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ»,- ասել է Ֆարմանյանը: Նա հավելել է՝ շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը, և մեր մայրցամաքի հարավարևելյան անկյունում վառոդի հոտ է գալիս: «Վեհաժողովը և անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, և այն պետք է կանխվի»,- ընդգծել է պատգամավորը: Նա ԵԽԽՎ ամբիոնից հստակ ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգենցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: «Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, և որ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաև ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ և որ հայաստանյան քաղաքական ուժերի միջև առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, և մենք լինելու ենք միասնական ու համերաշխ՝ լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը և ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:

Նմանատիպ նյութեր