211652_close_icon
views-count7057 դիտում article-date 16:36 25-06-2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու և պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ ավտոմեքենայի մեջ։ Ըստ քրեական գործի տվյալների՝ մարզիչը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն 1.500 ԱՄՆ դոլար պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա.Հարությունյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, հարցաքննվել են մի շարք անձինք, զննվել վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսաձայնագրություններն ու աուդիոձայնագրությունները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե[b] [/b]

Նմանատիպ նյութեր