211652_close_icon
views-count70532 դիտում article-date 12:13 25-06-2018

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 22.06.2018թ.-ին Մ.Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 23.06.2018թ.ին Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այսպես, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ.-ի մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով: [b]Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10.028.580 ՀՀ դրամին համարժեք 1.389.000 ՌԴ ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք[/b], պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար: Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր