211652_close_icon
views-count6916 դիտում article-date 23:15 23-06-2018

Արցախի պետնախարարը ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։ Պետական նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ նրանց ներկայացնելով վերջին տարիներին Արցախի տնտեսական հաջողությունները։ Նրա խոսքով՝ Արցախի տնտեսության հետագա զարգացման իր տեսլականը որակյալ մասնագետների ներգրավումն է։ Այդ գործում նա բարձր է գնահատել հատկապես այն երիտասարդների դերը, որոնք գնահատում են կրթությունը, նախաձեռնող են և պատրաստ են իրենց ավանդը ներդնել հայրենիքի զարգացմանը։ «Ապագան կիրթ և զարգացած երիտասարդ մասնագետներինն է, որոնք ներգրավված են տնտեսության բոլոր բնագավառներում: Ցավոք, մեր շրջանավարտների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում դեռևս անելիքները մեծ են։ Հուսով եմ՝ այսպես կոչված «մոդայիկ մասնագիտություններին» կփոխարինեն տնտեսության մեջ պահանջված մասնագիտությունները, ինչը էական ազդեցություն կունենա շուկայի պահանջարկի, հետևաբար նաև գործազրկության մակարդակի նվազման վրա»,- ասել Գ. Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Մովսիսյանը նշել է, որ ամեն տարի Արցախ այցելությունը դպրոցի համար դարձել է ավանդական։ Նրա խոսքով՝ մի քանի տարի է՝ արդյունավետ համագործակցություն ունեն Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի դպրոցի հետ, ինչը շարունակական բնույթ է կրելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության խորացման մի շարք առաջարկներ։ Պետնախարար Մարտիրոսյանը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» ուսանողների հարցերին՝ տալով դրանց սպառիչ պատասխաններ։

Նմանատիպ նյութեր