211652_close_icon
views-count8633 դիտում article-date 12:18 23-06-2018

Արցախում երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել

Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում: Զորախաղերին հետևել և մասնակիցներին համապատասխան ուսումնամեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում, ըստ մարտակարգերի, տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցել իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարել տեղագրական ու մարտավարական կողմնորոշում: <<Տիգրանակերտ>>զորավարժարանում գործողությունները մեկնարկել են հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում: Յուրային ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը: Զորախաղերի ժամանակ ստեղծված պայմանական իրադրությունը ոչ միայն առավելագույնս մոտեցված էր մարտական պայմաններին, այլև համապատասխանում էր մասնակից զորամասերի և ստորաբաժանումների իրական խնդիրներին: Պայմանական մարտադաշտում հակառակորդը կիրառում էր ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, հրանետանային համակարգեր, հերթապահ ուժերից բացի նաև դիվերսիոն-հետախուզական և դեսանտային խմբեր: Վերջիններիս հակազդելու համար բանակի ստորաբաժանումները կիրառել են մի շարք նոր զինատեսակներ և արդի տեխնիկական միջոցներ, որոնք գրագետ ընտրված մարտավարության, հմուտ ղեկավարման և անձնակազմի բարձր մարտական պատրաստականության շնորհիվ ապահովել են ակնկալվող դրական արդյունքները: Երկաստիճան հրամանատարաշտաբային, իսկ ապա նաև մարտական հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային մարտավարական զորավարժությունը լիովին իրացրել է նախանշված ուսումնական նպատակները: Զորավարժության ավարտին իմի են բերվել արդյունքները, վերլուծվել և ընդհանրացվել իրականացված բոլոր միջոցառումները և ըստ այդմ մասնակից հրամանատարներին, շտաբներին ու զորային մյուս կառույցներին առաջադրվել խնդիրներ` հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր