211652_close_icon
views-count4184 դիտում article-date 22:28 22-06-2018

Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարնանացանն ավելացել է մոտ 700 հեկտարով

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կատարվել է մոտ 1500 հեկտար գարնանացան, ինչը շուրջ 700 հեկտարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի աշխատակազմի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության բաժնի վարիչ Սերյոժա Ավալյանը, համայնքի 5400 հեկտար վարելահողերից ցանվել է միայն 1500 հեկտարը կամ մոտ 25 տոկոսը: Մոտ 150 հեկտար էլ կազմել են աշնանացան ցորենի ցանքերը: Տնտեսություններում ցանվել է գարնանացան գարի եւ ցորեն, կարտոֆիլ, ոլոռ, իսկ առավել մեծ տարածքներ ընդգրկում են առվույտի եւ կորնգանի ցանքերը:«Նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումն ինչ-որ տեղ խթանում է երկրագործության զարգացմանը մեր համայնքում: Բայց այժմ մեզ հարկավոր են ավելի հզոր վարող տրակտորներ ու գութաններ, քանի որ տասնամյակներով խոպան մնացած հողերը մշակելու համար անզոր են մեր ձեռքի տակ եղած «Բելառուս» մակնիշի տրակտորները: Ամեն ինչ կփորձենք անել, որպեսզի ավելացնենք թե աշնանացան, թե գարնանացան ցանքերի մակերեսները: Անշուշտ, երկրագործության զարգացումն իր հերթին խթանելու է անասնապահության զարգացմանը, որի համար մեր համայնքն ունի պատկառելի ռեսուրսներ: Բավական է նշել, որ ԽՍՀՄ տարիներին Կրասնոսելսկի շրջանը, որի տարածքի մեծ մասը հիմա մեր համայնքն է կազմում, ունեցել է 13 հազար գլուխ խոշոր եւ 30 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ միայն խորհտնտեսություններում, մինչդեռ այս պահին մեր համայնքի տնտեսություններում հաշվառված է 7200 գլուխ խոշոր եւ շուրջ 7 հազար գլուխ մանր եղջերավոր: Եթե կարողանանք լուծել բրդի, մսի, կաթի, կաշվի մթերման շահավետ ու կայուն գների խնդիրը, ապա շատ կարճ ժամանակի ընթացքում կկարողանանք անասնապահության ծավալները մոտեցնել նախկին մակարդակին, որը կար ԽՍՀՄ տարիներին: Իսկ դրա համար մենք ունենք թե բավարար ռեսուրսներ, թե բավարար աշխատուժ»,-ներկայացրեց Սերյոժա Ավալյանը: Խոսրով Խլղաթյան

Նմանատիպ նյութեր