211652_close_icon
views-count6257 դիտում article-date 23:22 21-06-2018

Հայաստանի կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ. Ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը: Պետր Միկիսկան ողջունել է ՀՀ նոր իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ Չեխիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն իր առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Դեսպանը տեղեկացրել է, որ չեխական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ կոնկրետ ոլորտներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին ՀՀ կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար ու անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր