211652_close_icon
views-count9896 դիտում article-date 12:12 21-06-2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Սա ևս մեկ առիթ է, որ գնահատենք բոլոր նրանց, ովքեր իրենց երդմանը հավատարիմ, ամեն օր պայքարում են մարդու համար ամենաթանկը՝ առողջությունը պահպանելու և վերականգնելու համար: Ձեր մասնագիտությունն, իրավամբ, անձնվեր առաքելություն է, քանզի ձեզ համար առաջնահերթը մարդկային կյանքեր փրկելն ու մարդկանց բուժելն է՝ անկախ նրանից, թե որտեղ եք այդ պահին, օրվա որ ժամն է կամ քանի օր ու ժամ կպահանջվի դրա համար: Մասնագիտական հմտությունները մինչև վերջ ի սպաս դնելու այդ նվիրումով է նաև պայմանավորված, որ ձեր դերն ու նշանակությունն առանձնակի արժևորված է մեր կյանքում: Ու ես վստա՛հ եմ, որ այսուհետ ևս կշարունակեք մնալ ձեր կոչմանը, սկզբունքներին և առաքելությանը հավատարիմ՝ արդարացնելով ձեզ ապավինած մարդկանց վստահությունը: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքային ծրագրերը՝ ուղղված քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավմանն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինմանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր