211652_close_icon
views-count4077 դիտում article-date 17:44 20-06-2018

Արցախն ունի անսահմանափակ ներուժ օրգանական գյուղմթերք արտադրելու համար. Ժիրայր Միրզոյան

Հունիսի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար ժիրայր Միրզոյանը հյուրընկալել է ֆրանսիացի լրագրող Պատրիկ Բոիտետին, ով Արցախի մասին հոդված է հեղինակում՝ շոշափելով տարբեր բնագավառներ: Գյուղատնտեության ոլորտում լրագրողի ուշադրությունը սևեռված էր, մասնավորապես, Արցախի՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժին: Հարցազրույցի ընթացքում ԱՀ գյուղատնտեսության նախարարը մանրամասնել է 2018 թվականին ընդունված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի դրույթները, որոնք խրախուսում են և միտված են Արցախի գյուղատնտեսությանը օրգանական ուղղվածություն տալուն՝ նվազագույնի հասցնելով հողագործության մեջ հանքային ու քիմիական պարարտանյութերի կիրառումը: Օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, ըստ նախարարի, խթան կհանդիսանա նաև գյուղատնտեսական անձնագրերի ներդնումը, որոնք կկազմվեն՝ հաշվի առնելով հանրապետությունում տարբեր մշակաբույսերի մշակության համար բարենպաստ գոտիների առանձնահատկություններն ու բնութագրերը: Կարևոր է նշել, որ պետական աջակցությունը որպես գործիք ևս օգտագործվելու է օրգանական գյուղատնտեսության խթանման համար: Հարցազրույցի ընթացքում խոսվել է հետսովետական կոլտնտեսությունների սեփականաշնորհման և մեր օրերում դրա բացասական հետևանքների չեզոքացմանը, Արցախում փոքր ծավալի գյուղմթերք (կաթ, մեղր, դոշաբ, պտուղ, բանջարեղեն և այլն) արտադրողների ու իրացնողների արտադրանքը գյուղատնտեսության ՀՆԱ-ի մեջ ներառված չլինելուն, Արցախի՝ գյուղմթերքներով ինքնաբավ լինելու մակարդակին առնչվող մի շարք հարցերի մասին: Ինքնաբավության մասով նախարարաը փաստել է, որ որոշ մթերքներով Արցախն ինքնաբավ է, նույնիսկ առկա են արտահանվող մթերքներ (ցորեն, գարի, եգիպտացորեն, նուռ, արևելյան խուրմա): Անասնամթերքով դեռևս ինքնաբավ չէ, ինչը պայմանավորված է մի շարք վարչական ու ֆինանսական խնդիրներով: Սակայն Արցախում առկա արոտավայրերի տարածքները թույլ են տալիս անասնագլխաքանակը մի քանի անգամ ավելացնել, և այդ ուղղությամ տարվում են աշխատանքներ: Պատրիկ Բոիտետը շնորհակալություն է հայտնել նախարարին բովանդակալից հարցազրույցի համար և նշել, որ օրգանական գյուղատնտեսություն վարելը նաև շահավետ մարքեթինգային քայլ է, քանի որ օրգանական գյուղմթերքն այսօր ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի, և այս առումով Արցախը, որը հայտնի է որպես բիոերկիր, կարող է գրավիչ դիրք գրավել միջազգային շուկայում:

Նմանատիպ նյութեր