211652_close_icon
views-count3626 դիտում article-date 16:18 18-06-2018

Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» մշակութային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով շարունակվում են փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման, ինչպես նաև վթարային շքապատշգամբների նորոգման և բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը զեկուցել է, որ Էրեբունի վարչական շրջանում սահմանված ժամանակացույցով շարունակվում են Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված նոր այգու ստեղծման, ինչպես նաև Էրեբունու մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հանձնարարել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը ընթացիկ աշխատանքերի որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ։ Մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում տեղադրված զբոսաշրջային տեղեկատվական կետերի մասով զեկուցվել է, որ Նալբանդյան 2/1 հասցեում արդեն իսկ գործում է առաջին տեղեկատվական կետը, իսկ երկրորդը շահագործման կհանձնվի առաջիկայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում: Բացի այդ, պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքի մարդաշատ 3 վայրերում արդեն իսկ շահագործման է հանձնվել հանրային 3 զուգարան: Հանձնարարվել է շարունակել մասնավոր հատվածի հետ համագործակցությունն այս ուղղությամբ ՝ դրանց թիվը հետագայում ավելացնելու նպատակով։ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի արհեստական ջրավազաններում լողանալու հնարավոր դեպքերը կանխարգելելու և բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, ինչպես նաև, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, հանրությանն իրազեկվել է արհեստական ջրավազաններում լողալու հնարավոր վտանգների մասին: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա հսկողությունը: Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է, որ շարունակվում են ծաղկային տարածքների խնամքի, կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի կրապատման, ինչպես նաև չորացած ճյուղերի սանիտարական էտի աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կանաչ տարածքների խնամքն ու ոռոգումը պահել մշտական հսկողության տակ։ Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն էլ զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` Կարապի լճի հարակից հատվածում, մասնավորի հետ համագործակցված, տեղադրվել է 2 մեծ էկրան, որոնցով համաքաղաքացիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ստացել հետևելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հեռարձակմանը: Բացի այդ, զեկուցվել է, որ ֆուտբոլասերների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով, խաղերի հեռարձակման միջակայքում, հայտնի հայ դիջեյների մասնակցությամբ տեղում ապահովվում է նաև բարձր տրամադրություն, յուրաքանչյուր կիրակի էլ ելույթներով հանդես են գալու հայկական սիրված նվագախմբեր։ Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և նախապատրաստվել Երևանում հունիսի 26-28-ը կայանալիք Սանկտ Պետերբուրգի օրերին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը։

Նմանատիպ նյութեր