211652_close_icon
views-count4746 դիտում article-date 23:34 15-06-2018

Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր են մեկնել 107 ուղևորներ: Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Վալկոն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Փամբուխչյանը: Ֆիրմային գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից: Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գ. Մովսեսյանը, ֆիրմային գնացքի կուպե և «СВ» վագոնները հագեցած են օդորակիչներով, լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Գնացքը ողջ երթուղու ընթացքում ուղեկցվում է ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչի շնորհիվ ուղևորները կարող են իրենց լիովին պաշտպանված զգալ: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ երթևեկության ամբողջ ընթացքում: 2016 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 43 750, 2017 թվականին՝ 50 270, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը, երբ ուղևորների քանակը կազմել էր ընդամենը 8 600 ուղևոր: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր