211652_close_icon
views-count5411 դիտում article-date 23:21 15-06-2018

Գյուղնախարարությունում քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը: Ագրարային ոլորտի հետագա զարգացման համար նախարարը ընդգծել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու, ոռոգելի հողատարածքների ավելացման, ֆերմերների միավորման և կոոպերացիայի խթանման անհրաժեշտությունը: Նախարարը կարևորել է նաև ոլորտի տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ բացի ավանդական բելառուսական գյուղտեխնիկայից, հայ ֆերմերներին կարող են հետաքրքրել նաև տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված այլ ժամանակակից սարքավորումներ` դեսպան Իգոր Նազարուկը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց մատակարարման հարցում: Առանձին անդրադարձ է կատարվել հնարավոր փոխգործակցությանը գյուղտեխնիկայի համատեղ հավաքման, ինչպես նաև բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ, որում կմատուցվեն նաև տեխնիկական սպասարկման ծառայություններ: Դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է նաև ընդլայնել հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները դեպի բելառուսական շուկա` միաժամանակ ընդգծելով, որ բարձրորակ հայկական գյուղմթերքն այնտեղ մեծ պահանջարկ ունի: Հայ-բելառուսական համագործակցությունը ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով զրուցակիցները պայմանավորվել են կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպում` գյուղոլորտում երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները նախանշելու նպատակով:

Նմանատիպ նյութեր