211652_close_icon
views-count7034 դիտում article-date 16:31 15-06-2018

Պետք է գնահատենք և թոթափենք անիմաստ պարտքերը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը մասնակի հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Մասնավորապես, առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ կան: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշել է նա: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատել է, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով: «Արձանագրենք, որ այսպիսի խնդիր կա, և դրա լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: Կարծում եմ՝ պետք է փորձենք այդ սովորական դարձած տրամաբանությունից դուրս գալ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նախագծեր են առաջարկում ու մեր առաջին արձագանքը լինում է մերժողական: Պետք է գնահատենք և թոթափենք անիմաստ պարտքերը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մի զրոյական կետից սկսել իրենց հետագա աշխատանքի շարունակությունը»,- առաջարկել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր