211652_close_icon
views-count157788 դիտում article-date 22:06 13-06-2018

Սիփան Փաշինյան. «Եթե սխալվեմ, հորեղբայրս ինձ չի խնայի». Mediamax.am

Վարչապետի 27 -ամյա եղբորորդի Սիփան Փաշինյանը օրեր առաջ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական: Այս փաստը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես «ծանոթ-բարեկամ» սկզբունքի դրսեւորում նոր կառավարությունում, հայտնում է [url=https://mediamax.am/am/news/society/28946/]Mediamax.am[/url]-ը։ Նոր կառավարության ներկայացուցիչներին ներկայացող շարքում Մեդիամաքսն այս անգամ զրուցել է Սիփանի հետ: Դեռ 2014-ին, երբ փողոց փակելու համար 50 000 դրամ վարչական տույժի էր ենթարկվել, մամուլի էջերում նրա հայտարարությունն էր. «Առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին փողոց եմ փակելու»: Հետադարձ հայացքով հիմա ասում է՝ դա միակ տարբերակն էր, երբ մինչեւ ուժ կիրառելը ոստիկանությունը փորձում էր փոխզիջման գալ, հիմա փողոց փակելու կարիք չկա, քանի որ հասարակության ձայնը հասնում է համապատասխան մարմիններին: [b]2011-ից մասնակցել եմ բոլոր ակցիաներին [/b] Թեեւ Սիփանը մասնակցել է նաեւ 2008-ի հանրահավաքներին, այն ժամանակ դեռ 17 տարեկան էր, ուստի՝ քաղաքացիական ակտիվ կյանքի մեկնարկ համարում է 2011-ը, երբ զորացրվել է բանակից: «Համոզված եմ, որ ծառայությունը հասունացնում է մարդուն: Այն անարդարությունները, որոնք տեսնում էի մինչեւ ծառայության մեկնելս, այն խնդիրները, որոնք տեսա ծառայության ընթացքում, ինձ դրդեցին քաղաքացիական ակտիվության: Երբ զորացրվեցի, ունեի բազմաթիվ ընկերներ ՀԱԿ-ից եւ ոչ ՀԱԿ-ից, որոնց հետ բազում գործողություններ ենք արել: Ընկերական խմբեր էինք ձեւավորվում, որոնց հետ պայքարում էինք տարբեր անարդարությունների դեմ: Առանց չափազանցության՝ երեւի 2011-ից մասնակցել եմ բոլոր ակցիաներին, մի մասի դեպքում եղել եմ նախաձեռնող խմբի անդամ»,- պատմում է Սիփանը, որը ժողովրդի միասնականության ուժի զորեղությունը երկու անգամ է շատ սուր զգացել: Առաջինը՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Պերմյակովի գործի քննության դեմ ուղղված ցույցերի ժամանակ, երկրորդը՝ 2018թ. ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանի եւ քայլարշավի մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո ժողովուրդը համախմբված գնաց Ոստիկանության Շենգավիթի բաժին: [img]http://st0.shamshyan.com/editor/0785623001528913055847934.jpg[/img] «Երբ մարդիկ շարժման խորհրդանիշներից մեկը դարձած «հու»-ն էին գոռում, այնպիսի էներգետիկա կար, որ փշաքաղվել էի: Այդ օրը շատ սթրեսային էր: Լուրջ վտանգներ էի տեսնում, վախ կար, որ կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել: Այդ ժամանակ չէի անհանգստանում Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես իմ հորեղբայր: Նիկոլ Փաշինյանին առաջնային վերաբերում էի որպես քաղաքական իմ ուժի առաջնորդի, մարդու, որը հնարավորություն ունի մեզ ազատելու բռնատիրական ռեժիմից: Իմ առաջին վախն այն էր, որ նա գործը հասցնի ավարտին, բայց Շենգավիթի «հու»-ն ինձ համոզեց, որ իրենք շուտով դուրս կգան»,- ոգեւորությամբ մտաբերում է Սիփանը: [b]Ուսանող խորհրդականը [/b] Իջեւանում մեծացած տղան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Ինֆրմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ուսման ընթացքում զորակոչվել է բանակ: Ասում է՝ ծառայությունն ավարտելուց հետո ֆինանսական խնդիրների պատճառով երկու տարի ուշ է վերականգնվել որպես ուսանող: Հիմա հեռակա է սովորում, հաջորդ տարի կավարտի բակալավրիատը: Մտադիր է ուսումը շարունակել մագիստրատուրայում: «Ուզում եմ միջազգային հարաբերությունների գծով շարունակել ուսումս: Հավանաբար, կրթությունս կշարունակեմ արտերկրում, բայց դա դեռ հստակ չէ: Արտերկրում սովորելը դեռ միայն ցանկություն է, քանի որ ենթադրում է ֆինանսական միջոցներ»,- ասում է Սիփանը, որն օտար լեզվի իմացությունը խորացելու խնդիր էլ ունի: Ասում է՝ տիրապետում է լավ ռուսերենի եւ վատ անգլերենի, սակայն աշխատում է անգլերենի իմացությունը լավացնելու ուղղությամբ: Կառավարության նոր անդամներից շատերն աչքի են ընկնում լավ կրթությամբ, այդ թվում՝ արտերկրում ստացած: Նրա խոսքով՝ դեռ ուսանող լինելն ու փորձի պակասն իր համար խնդիրներ չեն ստեղծում: «Մարդու կյանքում ուսումն առաջնային է, սակայն պետական պատասխանատվություն ստանձնելիս քիչ կարեւոր չէ արժեհամակարգը: Կրթվա՞ծ կաշառակեր, թե՞ անկիրթ՝ ոչինչ չի փոխվում: Փորձի պակասի հարցը շատ է շրջանառվում: Այո՛, մենք ունենք կաշառքով հարց լուծելու, անձնական շահի համար կապեր ստեղծելու փորձի պակաս,- կատակում է նա, ապա ավելացնում, որ աշխատանքի մեջ շատ բան հընթացս է սովորում, խորհրդատվություն է հարցնում փորձառու գործընկերներից,- Որեւէ ամերիկյան, եվրոպական, ռուսաստանյան համալսարանում չեն սովորեցնում նախարարության ներքին կանոնադրությունը, լիազորությունները, գործառույթները: Պետական ապարատում պատասխանատվություն ստանձնելիս արտերկրում սովորած մարդն էլ է շատ բան հընթացս սովորում»: [b]Ստիպված եմ երկու տեղ աշխատել, որպեսզի ֆինանսական խնդիր լուծեմ [/b] Սիփանը վստահեցնում է՝ իշխանության գալուց հետո իրենց բարեկեցության մակարդակը չի փոխվել: Պետական համակարգում ինչ-որ պաշտոն ունենալը, նրա խոսքով, բարձր աշխատավարձ չի ենթադրում: [img]http://st0.shamshyan.com/editor/0176063001528913093573737.jpg[/img] «Նախարարությունում աշխատավարձերը շատ ցածր են: Օրենքի տառին համապատասխանության դեպքում համատեղության կարգով պատրաստվում եմ շարունակել տպարանում փոխտնօրենի աշխատանքս, որովհետեւ ֆինանսական հարց եմ լուծելու դրանով: ՀՀ-ում պաշտոնը բարեկեցություն է բերել կաշառակերներին: Մեր դեպքում որեւէ մեկը չի կարող պաշտոնի շնորհիվ ապրել ավելի բարեկեցիկ, քան նախկինում»,- ասում է Սիփանը, ում կարծիքով աշխատանքներն իրար չեն խանգարի, տպարանի աշխատանքը գիշերային է: [b]Ես հասարակ ընտանիքի զավակ եմ [/b] Սիփանի կապը Երեւանի հետ առավել սերտ է դարձել բանակից զորացրվելուց հետո: Հիմա Երեւանում է ապրում, թեեւ ուսման բերումով հաճախ է մեկնում հայրենի քաղաք: Որքան էլ զարմանալի է, ընտանիքի մյուս անդամները քաղաքականացված չեն: «Ես հասարակ ընտանիքի զավակ եմ: Պապիկս ֆիզկուլտուրայի ուսուցիչ է: Իջեւանում բոլորն իրեն ճանաչում են որպես խիստ մանկավարժի եւ շատ են հարգում: Հայրս մի պահ զբաղվում էր անհատ ձեռներեցությամբ, միրգ, բանջարեղեն էին վաճառում, հետո անասնաֆերմա ուներ, 1990-ականներին մեկնել էր արտագնա աշխատանքի: Տատիկս եւ մայրիկս տնային տնտեսուհիներ են: Քույրս մասնագիտությամբ լրագրող է, բայց այդ ոլորտում չի աշխատում: Մեր ընտանիքից միայն ես եմ հետաքրքրվում քաղաքականությամբ»,- ասում է նա: [img]http://st0.shamshyan.com/editor/0361277001528913135744376.jpg[/img] Որպես ակտիվ քաղաքացի դաստիարակության հարցում հորեղբայրը Սիփանի համար միշտ օրինակ է եղել. «Նրա ազդեցությունն ինձ վրա այնքանով է, որ իր գործողություններով նա ինձ համար եղել է հեղինակություն, սակայն քաղաքացիական հասարակության մեջ իմ գործողությունները պայմանավորված չեն եղել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչով»: [b]Եթե սխալվեմ, վարչապետն ինձ չի խնայի [/b] Սիփանի նշանակումից հետո լայն քննարկման առարկա դարձավ իր եւ վարչապետի բարեկամական կապը: Այս թեմայով կատակում է՝ այդ դեպքում ավելի լավ պաշտոն ու աշխատասենյակ կստանար: Սիփանն աշխատասենյակը կիսում է այլ աշխատակցի հետ, աթոռի ոտքը կոտրված է, կողքին էլ սառնարան է դրված, որի ձայնն ամենահաճելին չէ աշխատելիս: Այս փաստերը մատնանշելուց հետո շեշտում է, որ կատակում է եւ պատրաստ է աշխատել նույնիսկ միջանցքում: Սիփանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի բարեկամը լինելու փաստը երբեք չի շահարկել: «Եթե Հայաստանում կա այնպիսի մարդ, որը կարող է հակառակն ապացուցել, ներողություն կխնդրեմ: Ես միշտ փորձել եմ իմ կյանքն ապրել այնպես, որ շրջապատս ինձ վերաբերի ոչ թե որպես Նիկոլ Փաշինյանի եղբորորդու, այլ անհատի: Հուսով եմ՝ ստացվել է: Դա նույնիսկ որոշակի բարդույթ է դարձել ինձ համար: Իհարկե, ես հպարտ եմ, որ բարեկամական կապ ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն գործունեության ընթացքում դա միշտ բարդույթավորել է ինձ: Երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին: Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից եմ: «ՔՊ»-ում եւս շատերը չգիտեին, որ իր բարեկամն եմ: Հիմնադրումից մոտ մեկ տարի անց նիստի ժամանակ ելույթ էի ունենում, հնչեց ազգանունս, ինչ-որ մեկն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին եմ, մի պահ բոլորը սառել էին, Սասուն Միքայելյանը զարմացած հարցնում էր՝ իսկապե՞ս այդպես է: Կարծում եմ, կարող էի ավելի մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա, բարեկամական կապը, հակառակը, բացասական ազդեցություն ունեցավ: Ես զարմանում եմ, երբ մարդիկ փորձում են շահարկել դա, որովհետեւ 2017 թվականին Տավուշի մարզից առաջադրվել էի որպես «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու, որեւէ շահարկում չեղավ: Բոլոր ակտիվիստները կարող են փաստել, որ ես միշտ եղել եմ այս պրոցեսների մեջ,- ասում է նա եւ վստահություն հայտնում, որ սխալվելու դեպքում հորեղբայրն իրեն չի խնայի: -Որեւէ դեպք չեմ հիշում, որ վարչապետն ինձ զգուշացում տված լինի, բայց եթե ինչ-որ բան այնպես չանեմ, նրան ոչինչ չի կանգնեցնի: Իմ դեպքում ավելի խիստ լուծում կտրվի, ինչի համար միայն ուրախ եմ: Դա այս պետության ամենալուրջ խնդիրներից մեկն է եղել, որը մեր դեպքում չի գործելու»: Հորեղբորից ստացած ցուցումներ կամ խորհուրդներ նշել Սիփանը չկարողացավ, ասում է՝ այնպես չէ, որ վարչապետի հետ հաճախ է շփվում, իսկ աշխատանքի առաջարկը ստացել է նախարար Սուրեն Պապիկյանից: [img]http://st0.shamshyan.com/editor/00490120015289131708122.jpg[/img] Թեեւ նա ասում է, որ վարչապետի բարեկամը չլինելու դեպքում կարող էր ավելի պատասխանատու պաշտոն ստանձնել, վստահեցնում է, որ կոնկրետ պաշտոնի չի հավակնել: Հաջորդ ընտրություններին կրկին կփորձի՞ մտնել խորհրդարան, թե՞ ոչ, չի պատասխանում: Ասում է՝ դեռ վաղ է խոսել այդ մասին: Թեեւ Սիփանն իր գործունեությունը քաղաքական դաշտում է տեսնում, կարծում է, երբ մարդը մտածում է կարիերայի մասին, աշխատանքը թերի է լինում. «Ես հիմա պիտի կենտրոնանամ իմ աշխատանքի վրա, գուցե վատ եմ կատարում: Այդ դեպքում ոչ ես կմնամ այստեղ, ոչ էլ ինձ թույլ կտան մնալ այս աշխատանքին»: Փողկապին չեմ հարմարվում, ակամա կռվում եմ դրա դեմ Փողկապին Սիփանը դեռ չի հարմարվում, խնդրում է իրեն «պարոն»-ով չդիմել: «Ամբողջ կյանքում փողկապով մարդիկ անարդար են վարվել ժողովրդի հետ, հիմա եկել է մի պահ, երբ ինքս եմ նստած այդ աթոռին ու փողկապ եմ կապել: Դա դիսկոմֆորտ է առաջացնում, ակամա կռվում եմ դրա հետ: Վերջերս ժողովուրդը բողոքում էր, գնացինք տեղում հասկանալու խնդիրը: Շատ անսովոր էր, երբ փողկապով դուրս էի եկել բողոքող ժողովրդի մոտ, ես հակառակ պատկերին եմ սովոր»,- ասում է նա: Մշտապես ցույցերի կիզակետում հայտնված երիտասարդի համար անսովոր է, երբ իրենց դեմ են ցույց անում, միաժամանակ՝ հասկանալի: Քաղաքացիների հետ հանդիպման գնալիս նրանց հուշում է՝ չնահանջել: Ասում է՝ 25 տարվա ընթացքում այնքան խնդիրներ են կուտակվել, որ ստիպում են բողոքի ձայն բարձրացնել: Նա նկատում է, որ «սաբոտաժի» դեպքեր էլ են լինում, սակայն շնորհիվ լրատվամիջոցների, տեղեկատվական ժամանակակից հոսքերի արագ են բացահայտվում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://mediamax.am/am/news/society/28946/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր