211652_close_icon
views-count11963 դիտում article-date 11:09 12-06-2018

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից արձագանքել են ԱԺ-ում հնչած հայտարարություններին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» մեկնաբանել են ԱԺ-ում հնչած հայտարարությունները՝ 40 մլն տոննա մետաղական հանքանյութի արդյունահանման, կոմբինատի տեխնիկայի շարժի և աշխատուժը այլ երկրներ գործուղելու մասին: Պարզաբանման մեջ, ի թիվս այլ դիտարկումների, նշված է. «Հարկ ենք համարում նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը անշեղորեն ծավալում է օրենքի տառին և միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն: Ինչ վերաբերվում է արտադրական ցուցանիշներին, ապա վերամշակված հանքաքարի ծավալը 2017 թվականին կազմել է 18.864.000 տոննա, այնպես որ անհասկանալի է, թե ինչ 40 մլն տոննայի մասին է խոսքը և որտեղից է առհասարակ առաջացել այդ թիվը: Անդրադառնալով ընկերության աշխատակիցների գործուղմանը՝ հարկ ենք համարում հայտնել՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը գրեթե բոլոր մայրցամաքներում ունի տնտեսական ծրագրեր, դուստր ընկերություններ և ներկայացուցչություններ: Ընկերության սեփականությունը հանդիսացող տեխնիկայի շարժը և աշխատակիցների գործուղումներն այլ երկներ իրականցվում են օրենքով սահմանված կարգով՝ աշխատանքային պայմանագրերում ամրագրված դրույթների և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ: Ի գիտություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությամբ հետաքրքրվողների, հայտնում ենք, որ ընկերության բաժնետերերն արդեն չորս տարի է՝ ընկերության գործունեությունից շահութ չեն ստանում։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն սահմանված է կապիտալ ներդրումների, սոցիալական ծրագրերի իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ առկա իրողության պայմաններում առնվազն բարոյական չէ գերշահույթի և կապիտալի արտահոսքի մասին խոսելը: Բացի այդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում EITI ստանդարտի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ներդրման գործընթացի առաջամարտիկն ու ակտիվ մասնակիցը: Հուսով ենք՝ ստանդարտի ներդրման արդյունքում ձևավորվելիք գործիքակազմի միջոցով լրացուցիչ հնարավորություն կստեղծվի հասարակության համար մանրամասն ծանոթանալու մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների գործունեության տնտեսական ցուցանիշներին և ինքնուրույն գնահատելու կատարված հայտարարությունների և հրապարակումների ճշմարտացիությունը, նպատակները և շարժառիթները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր