211652_close_icon
views-count20508 դիտում article-date 19:55 07-06-2018

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելեց Լոռու մարզ, որտեղ խորհրդակցություն անցկացրեց մարզի ղեկավար կազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր՝ հունիսի 7-ին, այցելել է Լոռու մարզ ու խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությանը ներկա են եղել մարզպետ Հրանտ Մարգարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Կարեն Հովհաննիսյանը, քաղաքապետեր, ԱԻՆ պաշտոնատար անձինք: Հանդիպմանը քննարկվել են հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած ցնցումները: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել էր Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ: Երկրաշարժին հաջորդել էր 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել էր ավելի ցածր: Բնակչության խուճապը մեղմելու նպատակով նույն օրը նախարար Հ. Ռոստոմյանն ուղերձ էր տարածել՝ կոչ անելով բնակչությանը խուճապի չմատնվել, իսկ այսօր նա ԱԻՆ ծառայությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Վանաձոր և խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում: Նախարարին ողջունեց և արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը: Նախարարն իր խոսքում նշեց, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն. «ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։ Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։ ԱԻ նախարարությունը՝ հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների, շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը։ Սիրելի քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր շուրջօրյա աշխատանքի նպատակն է»։ Նախարարության համապատասխան ծառայությունների պետերը ևս նշեցին, որ հայտարարված է արտակարգ իրավիճակ, իրականացնում են իրավիճակի շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն և ուրախալին այն է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար մարում է: Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ժամը 17.07-ից մինչև 12.30-ը ստացել են 1560 զանգ, հիմնականում բնակիչները ցանկացել են տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես պետք է վարվեն: Նա նշեց, որ կարճ ժամանակ անց տեղեկացել են, որ վնասներ և վթարներ չեն եղել: Նշվեց, որ փրկարարական վարչությունը աշխատում է ուժեղացված ռեժիմով: Վանաձորի քաղաքապետը ևս շնորհակալություն հայտնեց արագ արձագանքման և մարզ այցելելու համար, նշեց, որ Վանաձորի բնակչության խուճապի բուն պատճառը պաշտոնական տեղեկատվության ոչ մասսայականությունն է եղել: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն էլ անհանգստություն հայտնեց քաղաքում առկա մի քանի վթարային շենքերի և երեք վայրում քարաթափման վտանգի առնչությամբ՝ խնդրելով նախարարության աջակցությունը: Բարձրացվեց նաև սողանքավտանգ գոտիներում ուժեղացված հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև, մասնավորապես, Վանաձորի վթարային 84 շենքերի խնդիրը, որն այս օրերին ավելի խնդրահարույց է դարձել: Նախարարը Լոռու մարզի փրկարարական ծառայությանը հանձնարարեց ձեռնարկել միջոցառումներ բնակչության իրազեկման և տեղեկացվածության պարբերաբար ապահովվածության ուղղությամբ: Բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև ոստիկանության տարածքային, ինչպես նաև տարածքային հրշեջ-փրկարարական ծառայություններին՝ կիրառելով տեխնիկական բոլոր միջոցները, անհրաժեշտության դեպքում իրականացնել շրջայցեր՝ բարձրախոսերի միջոցով իրազեկելով բնակչությանը: Այս հարցում նա խնդրեց նաև մարզի ղեկավարի աջակցությունը: Իսկ մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնին հանձնարարվեց խուճապի կամ ահազանգերի ավելացման դեպքում անհատական բացատրական աշխատանքներ իրականացնել քաղաքացիների հետ: Ինչ վերաբերում է սողանքավտանգ հատվածներին, ապա նախարարը հանձնարարեց սողանքավտանգ բնակավայրերում համայնքների ղեկավարների հետ համատեղ նույնպես իրականացնել բացատրական աշխատանքներ՝ վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր