211652_close_icon
views-count8074 դիտում article-date 11:08 06-06-2018

ՌԴ որոշ ուժերից ուղղորդվողները «կացնային» քարոզչությամբ կեղծիք են տարածում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե ես վերլուծություն գրեմ, ասենք, աստղագիտությունից և սկսեմ այն պնդումից, թե Արևը պտտվում է Երկրագնդի շուրջը, ապա, ենթադրում եմ, իմ մնացած եզրահանգումներն ու գնահատականները կասկածելի կթվան ընթերցողներին: Բայց դա աստղագիտությունն է, որը պիտի հիմնված լինի փաստերի վրա, իսկ ահա «քաղաքագիտությունը», «հրապարակախոսությունը» կամ «լրագրությունը», հավանաբար, փաստերի վրա չպիտի հիմնվեն, և այդ պատճառով հնարավոր է «սղացնել» ամեն մի հիմարություն: Իհարկե, ես այդպես չեմ կարծում, և դրա համար եմ այդ մասնագիտությունների անունները գրել չակերտներում: Տվյալ դեպքում նկատի ունեմ ռուսաստանյան և ՌԴ որոշ ուժերից ուղղորդվող ոչ հայաստանյան «վերլուծաբաններին»: Երբ նրանցից մեկը գրում է, որ Փաշինյանը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատել է «ռուսամետ» Յուրի Խաչատուրովին, ես ինձ իրավունք եմ վերապահում մնացած «վերլուծությունը» չկարդալու, որովհետև «վերլուծաբանը» չի տիրապետում նյութին: Մինչդեռ դժվար չէր երեք րոպե ծախսել, բացել թեկուզ «վիքիպեդիան» և կարդալ, որ 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի (այսինքն՝ Սերժ Սարգսյանի) հրամանագրով Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Պարզ է, որ «վերլուծության» նպատակն է ցույց տալ ներկայիս կառավարության իբր «հակառուսական» բնույթը, բայց այդ կեղծիքը տարածելուց առաջ գոնե արժեր մի թեթև ծանոթանալ փաստերին: Մեկ այլ վերլուծաբան նախ՝ չգիտի ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների անունները, իսկ հետո այնպիսի մի ենթադրություն է անում, որ միայն հիվանդ ուղեղում կարող էր ծնվել: «Պարզվում է»՝ Սիրիան ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան… Ռուսաստանում «հայկական լոբբիի» ճնշմամբ: Բայց նախ՝ ՌԴ-ում և ցանկացած այլ՝ ոչ դեմոկրատական երկրում լոբբիստական կազմակերպություններ չկան: Իսկ եթե նույնիսկ լինեին, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ նրանց պետք է հուզեին Աբխազիան և Հարավային Օսիան՝ ռուսահայերն ուրիշ դարդուցավ չունե՞ն: Այս դեպքում էլ նպատակը մեզ և վրացիներին կռվացնելն է՝ «վերլուծությունն» արվել էր Հայաստանի վարչապետի՝ Վրաստան այցից առաջ: Բայց դարձյալ՝ թեկուզ «կացնային» քարոզչության համար ցանկալի է փոքր-ինչ խորանալ թեմայի մեջ: Թե չէ ստացվում է, որ տգետ հեղինակն աշխատում է տգետ լսարանի համար: Մեկ այլ պատմություն է «Սորոսը»: Ոչ թե ամերիկացի մեծահարուստը և նրա հիմնադրամը, այլ մի հավաքական կերպար այն ամենի, ինչ դուր չի գալիս ռուսաստանյան որոշակի շրջանակներին: Ներկայիս կառավարությանը նույնպես փորձում են կպցնել «սորոս» պիտակը, ինչը դարձյալ չի խոսում «կպցնողների» բարձր ինտելեկտի և գիտելիքների մասին: Տեսնես՝ երբ մենք ենք գրում այլ երկրի իրադարձությունների մասին, նո՞ւյնպես նման «կիքսեր» ենք թույլ տալիս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր