211652_close_icon
views-count20381 դիտում article-date 16:22 05-06-2018

Դատախազը Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու որոշումներ է կայացրել

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք: Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Համբարձումյանի և Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան՝ միաժամանակ իրազեկելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

Նմանատիպ նյութեր