211652_close_icon
views-count5355 դիտում article-date 23:41 04-06-2018

ԵՊՀ-ում գիտաժողով է տեղի ունեցել՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին

Այսօր Մայր բուհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը համատեղ կազմակերպել էին ԻԻՀ հիմնադիր, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութայն դեսպանատան ներկայացուցիչները, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Գիտաժողովի բացմանը ելույթով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոսը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այսօր կազմակերպված գիտաժողովը նվիրված է ոչ միայն Իրանի, այլ նաև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային հանրության կյանքում զգալի դերակատարություն ունեցած հասարակական, քաղաքական, մշակութային և գաղափարական գործչին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին: Նրա խոսքով, Իմամ Խոմեյնի ջանքերով Իրանում ստեղծվել է պետական կառավարման յուրատեսակ մոդել: «Մերձավոր արևելյան շատ ժողովուրդներ, այդ թվում նաև մահմեդականներն այսօր պետական կառավարման մոդելի փնտրտուքի մեջ են, որի պատճառով ստեղծվել է քաոսային իրավիճակ, որն էլ արդեն իսկ հանգեցրել է այդ տարածաշրջանում բազմամշակութային և խայտաբղետ կրոնական պատկերի աղճատմանը: Այդ աղճատման հետևանքով Մերձավոր Արևելքից գրեթե դուրս են մղվել այս տարածաշրջանում մշակութային, քաղաքական և հասարակական դերակատարություն ունեցող քրիստոնեական համայնքները: Այս քաոսում Իրանը կայունության բացառիկ կենտրոն է, ունի սեփական մշակույթի և քաղաքականության վրա հիմնված ինքնաբավ համակարգ, որի ակունքներում կանգնած է Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնը: Իրանում քրիստոնեական համայնքները շարունակում են իրենց անվտանգ կյանքը և կենսագործունեությունը՝ ազատորեն դավանելով իրենց կրոնական դավանանքը: Իմամ Խոմեյնին ոչ միայն իսլամական աշխարհի համար կարևորագույն գործիչ է և գաղափարախոս, այլ նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար կարևորագույն անհատ: Նա սկիզբ է դրել շիայական իսլամի և քրիստոնեության միջև երկխոսությանը, որը ծավալվում է մինչ օրս»,- հավելեց Վ. Ոսկանյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոսն իր ողջույնի խոսքում նշեց, որ պատմության ընթացքում միշտ կան անհատներ, ովքեր պատմության անիվը ոչ թե շրջում են, այլ արագացնում են: «Շատ չեն այն անհատները, ովքեր կարող են պատմության անիվն արագացնել: Իմամ Խոմեյնին պատկանում է վերոնշյալ մարդկանց թվին: Իմամ Խոմեյնին ստեղծեց Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը հայերի համար բարեկամ և եղբայրական երկիր է: Իրանում ոչ միայն պաշտպանված են հայկական եկեղեցիները, այլև մեր ազգային մշակույթ»,- ասաց արքեպիսկոպոսը: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի խոսքով, այսօր նշվում է այն քաղաքական գործչի մահվան 29-րդ տարելիցը, ով համարվում է 20-րդ դարի ամենանշանակալից դեմքերից մեկը: Իմամ Խոմեյնին մեծ ու կարևոր դերակատարում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում: «Իմամ Խոմեյնին ստեղծել է պետական կառավարման մի մոդել, որը չի պատկանում ո՛չ արևելյան, ո՛չ էլ արևմտյան բևեռին. այն անկախ է: Նա ստեղծել է մի նոր վարչակարգ, որի հիմքում ընկած են բարոյական արժեքները: Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, կարիք ունի այնպիսի դիվանագետների, որոնք կարևորում են ոչ միայն քաղաքականությունը, այլ նաև բարոյական արժեքները»,- նշեց բանախոսը: Նշենք, որ գիտաժողովի ընթացքում Իմամ Խոմեյնի կյանքի, գործունեության, նրա հայացքների, գաղափարախոսության, մշակութային դերակատարության մասին զեկույցներով հադես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ և ասպիրանտներ:

Նմանատիպ նյութեր