211652_close_icon
views-count2614 դիտում article-date 15:59 04-06-2018

Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման պահանջի կատարումը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, մայրաքաղաքում երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, ներդրումային ծրագրեր են մշակվում նաև ըստ վարչական շրջանների: Ըստ այդմ, ներկայում մասնավորի կողմից մայրաքաղաքում իրականացման փուլում է գտնվում 22 ներդրումային ծրագիր, իսկ ըստ վարչական շրջանների արդեն ներկայացվել է 67 ներդրումային առաջարկ՝ հիմքում ունենալով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը։ Հանձնարարվել է ակտիվացնել ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և օգտագործել հնարավոր բոլոր հարթակները` ներդրումային առաջարկները շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման ուղղություններով։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև Էրեբունի վարչական շրջանում Երևանի 2800-ամյակին նվիրված նոր այգու շինարարությունը: Զեկուցվել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու հաստատած պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման պահանջի կատարումն ապահովելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել շրջայցեր: Արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայությունների պատասխանատուներին հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացն ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ: Խորհրդակցության ավարտին աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստը երեք հերթափոխով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 19-ից և կիրականացվի 3 հերթափոխով, որոնց շրջանակում մարզաառողջարանային ճամբարներ կմեկնի 1215 երեխա: Աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս կազմակերպել երեխաների հանդիսավոր ճանապարհումը, ինչպես նաև պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:

Նմանատիպ նյութեր