211652_close_icon
views-count7985 դիտում article-date 10:32 04-06-2018

Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին եւ դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա: Վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկջոկատայիններին: Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 19։25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ.-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության՝ ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Ավելի վաղ ցուցարարների հետ նրանց պահանջներն էր քննարկել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր