211652_close_icon
views-count14646 դիտում article-date 23:32 03-06-2018

Արցախի ոստիկանության հայտարարությունը

Արցախի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. 2018 թվականի հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին իրականացվել է խաղաղ հավաք, որը վերսկսվել է հաջորդ օրը ժամը 11:00-ի սահմաններում և գիշերային դադարով շարունակվում է մինչ այժմ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ կարգավորելով հավաքի վայրի ճանապարհատրանսպորտային երթևեկությունն այնպես, որ այն չխոչընդոտի հավաքի իրականացմանը: Բացի այդ որևիցե իրավական կամ վարչական ներգործություն հավաքի մասնակիցների նկատմամբ չի իրականացվել: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ից ի վեր քաղաքացիներից ստացել ենք մի շարք բողոքներ և դժգոհություններ տեղաշարժման ազատության իրենց սահմանադրական իրավունքի սահմանափակման կապակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքը անց է կացվում Ստեփանակերտի տրանսպորտային կարևոր հանգույցի՝ ավտոկայանի մերձակա ճանապարհին: Կարևոր է ընդգծել, որ հավաքների ազատության սահմանադրական իրավունքն անհրաժեշտ է հավասարակշռել այլ սահմանադրական իրավունքներին, այդ թվում ազատ տեղաշարժվելու իրավունքին: Հավաքների ազատությունը չպետք է անհամաչափ սահմանափակի այլ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, իսկ սահմանափակման համաչափությունը որոշելիս ի թիվս այլոց, հաշվի է առնվում հավաքի անցկացման վայրը և տևողությունը: Ելնելով վերոգրյալից հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկում ենք հավաքը շարունակելու մտադրության դեպքում այն իրականացնել Արցախի պետական համալսարանի դիմացի «ՈՒսանողական» պուրակում: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար լիազորվել է ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը», նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր