211652_close_icon
views-count4145 դիտում article-date 12:44 01-06-2018

Գյուղնախարարն ընդունել է ջերմատնային ասոցիացիայի ներկայացուցիչներին. շուտով կմեկնարկի լիզինգի նոր ծրագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին ընդունել է «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի նախագահ Արտավազդ Խաչատրյանին, տնօրեն Պողոս Գևորգյանին, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանին։ Հանդիպումը նպատակ ուներ լսել փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների կողմից բարձրացվող հարցերը և քննարկել նրանց մրցունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ներկաներին, որ մշակվել է լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները շուտով հնարավորություն կունենան նաև ջերմոցներ հիմնել և ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 % լիզինգային տոկոսադրույքով։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝ հունիս-հուլիս ամիսներին։ Հանդիպման մասնակիցները մասնավորապես առաջ են քաշել բնական գազի դիմաց տարաժամկետ վճարման, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ պայմանավորված ջեռուցման առավել երկար ժամանակահատվածով իջեցված սակագնի վճարման ժամկետի երկարաձգման և այլ հարցեր։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հորդորել է մշակել առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել։

Նմանատիպ նյութեր